
«Մենք գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների». Հայկ Մարության
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերով հայտնեց, որ որոշել են գնալ Երևանի ավագանու նոր ընտրությունների:
Նա անդրադարձավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից գումարված սեպտեմբերի 28-ի նիստին, որտեղ ԿԸՀ-ն հաստատել էր Երևանի ավագանու կազմը:
Մարությանի խոսքով` այս նիստը կարևոր էր այնքանով, որ ավագանու այն անդամները, որոնք ուզում էին վայր դնել մանդատները, պետք է անեին մինչև այդ նիստի ավարտը, և եթե չեն անում նշված ժամանակահատվածում, ապա հաստատվում է ցանկը, որը անփոփոխ պետք է մնա մինչև ավագանու առաջին նիստը և քաղաքապետի ընտրությունը:
Հայկ Մարությանն ասաց, որ սա հատկանշական է նրանով, որ «Հանրային ձայն» կուսակցությունն ունի 7 մանդատ, և ավագանու այդ 7 անդամներից առաջին երկուսը` Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը, չեն կարող ներկա գտնվել ավագանու առաջին նիստին, քանի որ Արտակ Գալստյանը կալանքի տակ է, իսկ Տիգրան Ուրիխանյանը գտնվում է հետախուզման մեջ:
«Այսինքն, «Հանրային ձայն» կուսակցության 7 ձայնի փոխարեն ավագանու նիստին լինելու է միայն 5 ձայն: Իսկ սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար պահանջվող 33 ձայնը այլևս չկա, և ընդդիմադիր քաղաքապետ չի կարող ընտրվել»,- ասաց Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ այս պարագայում մնում է մեկ տարբերակ` գնալ ավագանու նոր ընտրությունների: «Մեր ֆրակցիան հայտարարում է, որ մենք գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների: Իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նիստին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին»,- ասաց Մարությանը:
Նա հայտնեց, որ «Մայր Հայաստան» դաշինքից այս մասին արձագանք կա, և նրանք ևս ներկա չեն գտնվելու նիստին, որ քվորում չապահովվի: Մարությանի խոսքով` մնում է միայն լսել «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Նա ասաց, որ եթե «Հանրային ձայնից» նույնիսկ ավագանու մեկ անդամ գնա և ներկա գտնվի նիստին, ապա նիստը կկայանա, և քաղաքապետ կընտրվի իշխանական թեկնածուն:
Մանրամասները` տեսանյութում:
Մեկնաբանել