
Տուն անիվների վրա. հաշմանդամություն ունեցող կինը արդեն երրորդ օրն է՝ ապրում է մեքենայի մեջ
Աղասյանների ընտանիքը Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից է: Ընտանիքի մեծը՝ Արեգ պապը, ամբողջ կյանքը ապրել է Քոլատակում, ունի երեք զավակ ու հինգ թոռ: Ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ՝ սեպտեմբերի 19-ին գյուղացիներին 10 րոպե ժամանակ են տվել գյուղից հեռանալու համար:
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Արեգ Աղասյանը կնոջ, երկու զավակների, հարսի, երկու մանկահասակ թոռների հետ Գորիսում է, արդեն երրորդ օրն է՝ ապրում են իրենց մեքենայի մեջ:
Արցախցիների Հայաստան տեղափոխման երկրորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, ընկել են ճամփա ու արդեն երրորդ օրն է յոթ հոգանոց ընտանիքը ապրում է իրերով բեռնված «07»-ի մեջ: Արեգ Աղասյանի կինը՝ Գյոզալը, առաջին կարգի հաշմանդամ է, չի տեսնում: Արեգ պապին կատակում է, որ կնոջ խնամքը ոչ մեկին չի վստահում:
Գորիսի մարդասիրական կայանում ընտանիքին առաջարկել են կեցավայր Կապան քաղաքում, բայց չեն համաձայնել, քանի որ Կապանը սահմանամերձ քաղաք է, իսկ Աղասյանները մտավախություն ունեն, որ այնտեղ ևս կարող է պատերազմ սկսվել, ու նրանք նորից ստիպված կլինեն տեղահանվել և անցնել հոգեբանական նոր փորձությունների միջով։ Նախընտրել են մնալ փողոցում:
Մեքենայում գտնվող Արեգի դուստրը՝ Սիրունը մանկահասակ որդու հետ է՝ Մարկի, նրա ամուսինը՝ Մարատ Զաքարյանը, զոհվել է ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ՝ սեպտեմբերի 19-ին, Սրխավենդի մարտական դիրքերում:
Մեր հանդիպման վերջում Աղասյանների ընտանիքը մեկնում էր Մասիս քաղաք, որտեղ հույս ունի մնալու տեղ գտնել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել