
Ամենալավ գործարարներ – ամենավատ տնտեսություն
Հայ գործարարները լավագույնն են: Սա իմ կարծիքն է, որը ձևավորվել է Հայաստանում երկար տարիներ գործարարությամբ զբաղվելու և հարյուրավոր հայ և այլազգի գործարարների հետ շփումների ընթացքում:
Հայկական Ծրագրեր ընկերությունը արդեն 25 տարի զբաղվում է հաշվապահական և բանկային համակարգեր մշակելով և ներդնելով: Մենք առնչվել ենք Հայաստանի բոլոր ոլորտների ձեռնարկությունների հետ: Մենք 3000-ից ավել պատվիրատու ունենք, այդ թվում՝ Հայաստանում գործող գրեթե բոլոր արտասահմանյան ձեռնարկությունները:
Մեր գործն այնպիսին է, որ լավ ծանոթանում ենք մեր պատվիրատուների գործերին: Մենք տեսնում ենք ձեռնարկության ղեկավարների գործելակերպը, նրանց կայացրած որոշումները, նրանց վերաբերմունքը իրենց աշխատակիցների, գործընկերների նկատմամբ:
Ու այս տարիների ընթացքում կամաց-կամաց եկա այն եզրակացության, որ հայ գործարարներն ուղղակի լավագույնն են: Բայց այս մասին ես չէի համարձակվում խոսել՝ վախենալով, որ չի ընկալվի, քանի դեռ չէր հրապակվել ԱՄՆ դեսպանի հետևյալ միտքը:
«Աշխարհով մեկ ցրված հայերը ամենաձեռներեց խավն են բոլոր այն երկրներում, որտեղ նրանք հաստատվել են, այդ թվում' ԱՄՆ-ում»: Այդ մասին հունիսի 14-ին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Դեսպանի խոսքով' «ոչ մի մշակութային խոչընդոտ չկա, որ հայերը բիզնես ոլորտում նաեւ Հայաստանում հաջողության հասնեն»:
Սրա հետ մեկտեղ, մենք բոլորս գիտենք, որ մեր տնտեսության վիճակը շատ վատն է: Իսկ ըստ «Forbes»-ի դասակարգման՝ աշխարհում ամենավատերից մեկը:
Արտառոց վիճակ է, երբ ունենալով աշխարհի լավագույն գործարարները՝ Հայաստանն ունի ամենավատ տնտեսություններից մեկը:
Վերջերս կարդում էի «Սոնի» ընկերության հիմնադիր Ակիո Մորիտայի «Պատրաստված է Ճապոնիայում» գիրքը: «Սոնի» ընկերության չափազանց հետաքրքիր պատմությունն է՝ ստեղծման օրից սկսած: Գիրքը վերջացնելուն մոտ զգացի, որ ինչ-որ շատ անսովոր բան կար շարադրվածում: Ու հասկացա, թե ինչն էր անսովորը: Հեղինակը գործնականում չէր խոսում կառավարության մասին: Մի երկու տեղ միայն, երբ պետք էր ինչ-որ հարց լուծել ընկերության և Ճապոնիայի համար: Նրանք հանդիպում և արագորեն լուծում էին խնդիրը:
Ու ես մտածեցի, թե ինչ կասեին հայ գործարարները իշխանությունների մասին, եթե գրեին իրենց պատմությունը: Նրանք կբաժանվեին երկու խմբի:
Առաջին, փոքրաթիվ խումբը՝ «օլիգարխները», կգրեին, թե ինչպես են իշխանությունների հետ միասին բաժան-բաժան արել հանրային ունեցվածքը, խուսափել հարկերից:
Երկրորդ խմբի «հասարակ» գործարարները կպատմեին, թե ինչպես են մի կերպ գոյատևել իշխանությունների հավերժ հետապնդումների պայմաններում: Մեր գործարարներն իրենց թանկ ժամանակի, էներգիայի, հույզերի մեծ մասը վատնում են իշխանությունների հետ պայքարում:
Մեր տնտեսությունն ամենավատը կլինի, քանի դեռ իշխանությունները չեն հասկացել, որ զարգացումը և բարեկեցությունը ստեղծվում ենձեռնարկությունների աշխատանքով:
Ներողություն եմ խնդրում, որ հաջորդ միտքս հաղորդում եմ «Հայկական Ծրագրեր» ընկերության օրինակի վրա:
Մեր ընկերությունը 25 տարեկան է: Մեզ մոտ աշխատում են ԵՊՀ, Հայ-Սլավոնական, Տնտեսագիտական համալսարանների լավագույն շրջանավարտները: Ունենք գիտությունների վեց թեկնածու, մեկ դոկտոր, տասներեք ասպիրանտ: Մենք շատ մեծ ժամանակ ենք հատկացնում ղեկավարման, մշակման և սպասարկման տեխնոլոգիաներ ուսումնասիրելու և ներդնելու վրա: Մանրամասն նկարագրելը երկար կլինի: Մեզ մոտ բոլորը համախոհներ են, և մենք կուռ թիմով ձգտում ենք լավագույն ընկերությունը ստեղծել: Այսքանից հետո մենք ընդամենը 120 աշխատակիցներով մի ընկերություն ենք և առջևում նոր, հսկայական խնդիրներ ու դժվարություններ ենք տեսնում:
Այսպես է ուրիշ շատ ձեռնարկություններում:
Մենք պատկերացնում ենք, որ պետության խնդիրները մի քանի կարգով ավելի բարդ են, քան ձեռնարկությունների խնդիրները: Շատ ավելի բարդ: Դրան հակառակ՝ իշխանությունների համախմբվածությունը, պրոֆեսիոնալ ու մարդկային մակարդակը շատ ավելի ցածր է:
Կառավարման այբուբենն ասում է, որ մարդը, կազմակերպությունը, պետությունը հաղթում է իր առավելությունների շնորհիվ և պարտվում է իր թուլությունների պատճառով: Ուրեմն պետք է աշխատել, որ թուլությունները չարտահայտվեն և շեշտը դնել առավելությունների վրա:
Այս պարագայում, իշխանությունների մարտավարությունը պետք է լինի հետևյալը՝
1. Նվազագույն միջամտություն տնտեսությանը:
2. Մրցակցային պայմանների ստեղծում բոլոր ոլորտներում:
3. Ամենամեծ պատասխանատվությամբ վերաբերվել կրթությանը:
Աշոտ Խաչատրյան
«Հայկական ծրագրեր»
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել