
Ադրբեջանը պնդում է, որ ձերբակալել է «ականապատում իրականացրած» հայերի
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ պնդում է, որ Արցախում ձերբակալել է հայերի, որոնք «իրականացրել էին ադրբեջանցի 4 ոստիկանների և 2 քաղաքացիական անձանց մահվան պատճառ դարձած ականապատումը»։
Ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, ձերբակալությունն իրականացվել է սեպտեմբերի 20-ին։ «Ականապատումն իրականացվել էր Խոջավենդի շրջանի (նկատի ունեն Արցախի Մարտունու շրջանը-խմբ.) Թաղավարդ գյուղի թունելում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ճանապարհի 58-րդ կիլոմետրում»,- ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը չի հայտնել հնարավոր ձերբակալված անձանց թիվն ու անունները։
«Ազատություն» ռադիոկայանին Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանը հայտնել է, թե տեղյակ չեն, թե ում են ձերբակալել ադրբեջանցիները ու իրենք էլ են ադրբեջանական լրատվականներից այդ մասին տեղեկացել։ Թադևոսյանի խոսքով՝ կան բազմաթիվ անհետ կորածներ, հետևաբար դժվար է ասել, արդյոք ձերբակալվածները նրանց թվում են, թե ոչ։ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ, Ներքին գործերի նախարարությանը կից բացվել է օպերատիվ շտաբ, որտեղ համակարգվում են որոնողափրկարարական աշխատանքները։
«Այս պահին բոլորը շրջաններից տարահանվում են»,- «Ազատության» լրագրողին ասել է Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ դեռ չէր սկսվել Արցախում Ադրբեջանի հարձակումը, Բաքուն Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ, որի հետևանքով, իբր, զոհվել էր 6 ադրբեջանցի։ Դրանից մի քանի ժամ անց սկսվեց ադրբեջանական կողմի հարձակումը, որը տեղական մամուլն ու ադրբեջանական գերատեսչություններն անվանում էին «հակաահաբեկչական գործողություն»։ Վերլուծաբանների մեծ մասը պնդում է, որ ադրբեջանցիների մահը կարող էր կազմակերպված լինել հենց Բաքվի կողմից՝ Արցախի վրա հարձակման տեղեկատվական դաշտն ապահովելու ու դրա հնարավոր արդարացման համար։
Լուսանկարը՝ РИА Новости / Владимир Песня
Մեկնաբանել