
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.
- Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ,
- որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,
- ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,
- Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,
- սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
- Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:
«Մեր հայրենակիցներին խնդրում ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների: Այս օրհասական պահին իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ Ալյոնա Հայրապետյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել