
ՊԲ-ն հանձնում է զենք-զինամթերքը․ խաղաղապահները տեսանյութ են հրապարակել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Peacekeeper Տելեգրամի ալիքը տեսանյութ է հրապարակել Պաշտպանության բանակի (ՊԲ) զենք-զինամթերքի հանձնման գործընթացից։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների համաձայն՝ ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զենք-զինամթերքի հանձնումը։ Բացի դրանից, Ղարաբաղի զինված միավորումները լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Այսօր հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետներ, հակատանկային կառավարվող հրթիռներ և ձեռքի զենիթահրթիռային համալիրներ»,- նշված է խաղաղապահների հաղորդագրությունում։
Հարկ է նշել, որ Արցախի իշխանությունները Եվլախում՝ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման մասին մանրամասն տեղեկություններ չեն հայտնում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ամբողջությամբ պետք է լուծարվի և զինաթափվի, իսկ ռազմական տեխնիկան դուրս պետք է բերվի Ղարաբաղից և շուտափույթ ոչնչացվի։
Մեկնաբանել