
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու բանակցություններ սկսել։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում Ադրբեջանի համար հստակեցրել ենք, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին:
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- ասված է հայտարարության մեջ։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինքենը 24 ժամվա ընթացքում կներգրավվի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ արդեն իսկ ընթացող դիվանագիտական գործընթացին։
Մեկնաբանել