
Ի՞նչ տարբերություն կա Վարդան Այվազյանի ու փշատավանցի խանութպանի միջեւ
Սահմանամերձ Փշատավան գյուղի խանութպաններից մեկը վերջերս ամենայն լրջությամբ հետաքրքրվեց, թե ինչ մեթոդ կարող ենք առաջարկել, որ բիզնես չունենա ու հետն էլ շատ արագ եկամուտ ստանա ու դրամական միջոցներ կուտակի: Երբ նշեցինք, թե անհնար է, նա սկսեց ծիծաղել. «Հարիֆ եք, պատգամավորներն ասում են՝ բիզնես չունենք, բայց իրանց փողերը միլիոններով են հաշվում: Գնացեք հարցրեք, թող ձեւն ասեն, հետո էլ ինձ կասեք»:
Դե արի խանութպան Արամին բացատրի, որ պատգամավորներն «ընտրյալ» են, նրանք գտնվում են իշխանության բարձր հովանու ներքո ու անհնար է համեմատվելը: Առավել եւս դժվար է հատիկով մաստակ, ձեթ վաճառող հողում աշխատելու ժամանակ արեւից երեսը վառված գյուղացի խանութպանին բացատրել, որ ինքը չի կարող մրցել շուկան մենաշնորհած «ընտրյալների» հետ, ավելին` իրեն չի ներվի, եթե 150 դրամանոց անձեռոցիկ վաճառելուց ՀԴՄ կտրոն չտրամադրի, էլ ուր մնաց բիզնես չունենալով հարստություն կուտակելու «տեխնոլոգիաները» յուրացնի:
«Գյուղացի ենք, գիտեն՝ բան չենք ջոկու՞մ, ու՞մ հաշվին են փողեր կուտակում, ու՞մ են էշի տեղ դնում»,- մի քանի անուններ թվարկելով՝ ասաց Արամը` դեմ տալով պարտքերի ցուցակը:
Իհարկե, հասկանում ես գյուղացու դժգոհությունը, որ ուզում է ընտանիք պահելու համար բիզնես զարգացնել, բայց ինչպես շատ գյուղացիներ, շարունակում է վարկերի տակ մնալ, քանի որ ինքը «ընտրյալ» չէ եւ պարտավոր է մաքուր աշխատել եւ հայտնվել մրցակցությունից դուրս:
Դե արի նրան բացատրի, որ, օրինակ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը այն բազմաթիվ պատգամավորներից է, ով երբեք չի թաքցնում, որ վայելում է հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի աջակցությունը բոլոր դեպքերում, հետեւաբար նրա հետ հասարակ մահկանացուն համեմատվելու իրավունք չունի:
Ինչպե՞ս կարող է Թուրքիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղացի խանութպանը հասկանալ, որ Վարդան Այվազյանի 2008 թ. հայտարարագրած 3 մլն 144 հազար110 դրամը մեկ տարի անց` 2009-ին, դառնալու է 3 մլն 147 հազար 700 դրամ, իսկ 2010 թվականին` 10 մլն 618 հազար 890 դրամ եւ 72 հազար դոլար:
Մի ոտքը հողում, մյուսը` փոքր խանութում տքնող գյուղացու աչքում, իհարկե «հարիֆ» կլինենք, երբ ասենք, որ 2011 թ. Վարդան Այվազյանը ձեռք է բերել 18 մլն դրամ արժողության «Reng Rover Sport» եւ 25 միլիոն դրամանոց «Bently» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ նրա կինը` Մարիամ Գինոսյանը` 14 մլն 225 հազար 731 դրամ արժողության «Mersedes E350» ավտոմեքենա:
Երբ Արամը «դեմ է տալիս» պարտքերի ցուցակը եւ նշում, թե 3 տարվա պարտքերը չի կարողանում հավաքել, Վարդան Այվազյանը 2011 թվականին հասցնում է կուտակել 46 միլիոն 148 հազար 380 դրամի եկամուտ, որից 43 մլն-ը փոխառություն է եւ մոտ 16,5 մլն դրամի բնամթերքով եկամուտ, իսկ կինը` 15 մլն դրամի եկամուտ, որից 14 մլն-ն է փոխառություն:
2011 թվականին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն ունեցել է 12 մլն 900 հազար դրամ եւ 72 հազար դոլար դրամական միջոց, կինը` 1 մլն դրամ:
Կարծում ենք՝ Արամը կհասկանա, թե ինչ տարբերություն կա իր ու Վարդան Այվազյանի միջեւ:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել