
Լռության անհնարինությունը․ Ջոն Քեյջի «Չորս րոպե երեսուներեք վայրկյանը»
Հետպատերազմյան ավանգարդի վառ ներկայացուցիչ, կոմպոզիտոր, փիլիսոփա Ջոն Քեյջը 40-ականների վերջին այցելեց Հարվարդի համալսարանի հակաարձագանքային խուց։ Այդ սենյակի կառուցվածքը թույլ էր տալիս կլանելու ձայները: Քեյջը սպասում էր այստեղ «լսել» լռության ձայնը, բայց փոխարենը լսեց երկու այլ ձայն: Սպասարկող ինժեները բացատրեց, որ բարձր ձայնը նյարդային համակարգի աշխատանքի ձայնն է, իսկ ցածրը` արյան շրջանառության:
«Մինչեւ մահ ես շրջապատված եմ լինելու ձայներով: Երաժշտության ապագայի մասին կարելի է չանհանգստանալ»,- եզրահանգեց Ջոն Քեյջը այդ օրվա փորձառությունից։
Լռության անհնարինության գիտակցման ազդեցությամբ Քեյջը ստեղծեց իր ամենահայտնի գործերից մեկը` «4′33″» («Չորս երեսուներեք» կամ «Չորս րոպե երեսուներեք վայրկյան»):
«4′33″»-ը եռամաս ստեղծագործություն է գործիքների ազատ կազմի համար։ Ստեղծագործության տևողությունը համապատասխանում է վերնագրին։
Կոմպոզիցիայի կատարման ողջ ընթացքում կատարողները իրենց գործիքներից ձայներ չեն արտաբերում. հեղինակի պատկերացմամբ՝ երեք հատվածներից յուրաքանչյուրի բովանդակությունը շրջապատի այն հնչյուններն են, որոնք լսվում են ստեղծագործության ընթացքում։ Այն առաջին անգամ ներկայացրել է դաշնակահար Դևիդ Թյուդորը ԱՄՆ-ի Վուդստոկ քաղաքում 1952 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամանակակից արվեստի աջակցությանն ուղղված բարեգործական համերգի ժամանակ։ Ջոն Քեյջի «4′33″»-ը 20-րդ դարի ամենաքննարկվող ստեղծագործություններից է։ Ներկայացնում ենք այն Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։
Գլխավոր նկարը՝ Փոլ Բերգենի
Մեկնաբանել