
Այսօր և վաղը Երևանի դատարաններում հերթապահելու են
Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, Վարչական դատարանում և Դատական դեպարտամենտում այսօր և վաղը հերթապահություն են իրականացնելու՝ պայմանավորված սեպտեմբերի 17-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններով:
Հերթապահությունն իրականացվելու է ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի, Աջափնյակ-2 և Արաբկիրի նստավայրերում: Այս մասին «Հետք»-ին փոխանցեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը:
Ընտրական օրենսգրքով նախատեսված են մի շարք իրավիճակներ, երբ ընտրողների, թեկնածուների իրավունքների պաշտպանությունը վերապահված է դատարանին: Այդ իրավունքի պաշտպանությունից կարող են օգտվել նաև հենց քվեարկության օրը: Քանի որ ընտրության օրը կիրակի է, դատարանների վերը նշված նստավայրերում իրականացվելու է հերթապահություն:
Օրինակ՝ ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով: Վերադաս լիազոր մարմինը կամ դատարանն ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կայացնում է բողոքը (դիմումը) ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, իսկ քվեարկության և դրան նախորդող 3 օրվա ընթացքում՝ այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
Լուսանկարում՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը
Մեկնաբանել