
Օդանավակայանից Կենտրոն՝ 13 000 դրամ. ինչպես է «Yandex Taxi Aero»-ն օտարերկրացիների հաշվին գումար աշխատում
Նիկոլասը սեպտեմբերի 13-ին Կիպրոսից ժամանել է Երևան։ Նա «Զվարթնոց» օդանավակայանից տաքսի է նստել, որպեսզի հասնի Նալբանդյան փողոցում գտնվող իր հյուրանոց։
Տաքսու վարորդը սկզբում ասել է, թե երթուղու արժեքը կկազմի մոտ 1500 դրամ, ապա ճանապարհվելուց հետո ասել է, որ 3500 դրամ պիտի վճարի՝ որպես նստելավարձ։ Տեղ հասնելուն պես վարորդը ուղևորից 4,5 կմ-ի համար պահանջել է 11 500 դրամ և ցույց տվել էլեկտրոնային կտրոն, որտեղ գրված էր գումարի չափը, երթևեկության ժամը, ամիս-ամսաթիվը։ Ի դեպ հարկ է նշել, որ իրականում «Զվարթնոցից» Երևանի Նալբանդյան փողոց ոչ թե 4,5 կմ է, այլ ավելին, ըստ Google Maps-ի՝ մոտ 13 կմ։
Նիկոլասն իր մոտ մանր թղթադրամներ չի ունեցել, վճարել է 15 000 դրամ։ Վարորդն ասել է, որ մանր չունի, և Նիկոլասին է վերադարձրել 2000 դրամ։ Այսպիսով, օդանավակայանից մինչև հյուրանոց հասնելը Նիկոլասի համար արժեցել է 13 000 դրամ։
Նիկոլասն առաջին անգամ չէ Հայաստանում։ Նախորդ անգամ նրան օդանավակայանից դիմավորել էին, այդպիսով տեղյակ չէր տաքսու արժեքներից, բայց երբ շատ կարճ ժամանակում հասել է հյուրանոց, հասկացել է, որ վարորդի վերցրած գումարը չափից դուրս շատ է։
Երեկ նա «Յանդեքս» հավելվածով ստուգել է, թե ինչ կարժենա ուղևորությունը դեպի Գյումրի, և այն գրեթե նույնքան է արժեցել, որքան «Զվարթնոցից» հյուրանոց հասնելը։
Տաքսի ծառայության անունը, ըստ ցույց տված էլեկտրոնային կտրոնի, «Yandex Taxi Aero» է։ Կտրոնի վրա նշված է հեռախոսահամար, որի թվերը մեկով գերազանցում են հեռախոսահամարների նիշերը։ 012 3987654 էր նշված վարորդի տրամադրած էլ. կտրոնի վրա։ Այս համարը գոյություն չունի։ Նիկոլասը ևս չի կարողացել կապ հաստատել տաքսի ծառայության հետ։ Նա չի հիշում նաև մեքենայի մակնիշը, պետհամարանիշը։ Չգիտի նաև վարորդի անունը։
Համացանցում ևս այս անվանմամբ տաքսի ծառայության մասին տեղեկություններ չկան, և քանի որ նրանք օգտագործել են «Յանդեքս Տաքսի» ծառայության անվանումը, մենք կապ ենք հաստատել նաև «Յանդեքս Տաքսի» ընկերության հետ։ Հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցն ասաց, որ չունեն «Yandex Taxi Aero» առանձին ծառայություն, և որ օդանավակայանից ուղևորների համար ևս գործում է միայն «Yandex Go» ծառայությունը։
Աշխատակիցն առաջարկեց նաև գրավոր նամակ ուղարկել ընկերությանը։
«Հետքը» կապ է հաստատել նաև «Զվարթնոց» օդանավակայան՝ տեղեկանալու օդանավակայանը որևէ վերահսկողություն ունի, և տեղյա՞կ է նման անվանումով տաքսի ծառայությունից։ Օդանավակայանի հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ որևէ կապ չունեն տաքսի ծառայության հետ ու տեղյակ չեն դրա գործունեությունից։
Այս տարվա հունիսի 22-ի Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը նշել էր, որ պետք է օդանավակայանի տարածքում գործեն միայն այն տաքսի ծառայությունները, որոնք որոշակի ստանդարտների կհամապատասխանեն։
Այս թեմայի շրջանակներում 2 որոշում էր ընդունվել։ Առաջին որոշումը վերաբերում է օդանավակայանում գործող տաքսի ծառայություններին: Երկրորդ որոշումը՝ օդանավակայանից Երևան ավտոբուսային երթուղու հիմնադրմանը։
«Երկուսն էլ շատ կարևոր հարցեր են, այդ թվում՝ մեր երկրի իմիջի տեսակետից: Եվ մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջության և ուղևորափոխադրումների ոլորտում շատ մեծ զարգացումներ ունենք: Մյուս կողմից՝ պետք է այդ հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ պրոբլեմ է, որևէ զարգացած երկրում նման բանը նոնսենս է, համարյա քաշքշոցի հասնող որսը տաքսիների ուղևորների համար, կներեք, անընդունելի է, որքան էլ հասկանալի է սոցիալական կամ աշխատանքի նկատառումով: Եվ այստեղ մենք ակնկալում ենք, որ մեր ծառայությունները, ոստիկանությունը, տեսչական մարմինները, ՏԿԵՆ-ը սկզբունքային աշխատանք կիրականացնեն:
Ես չգիտեմ՝ արդեն մրցույթ եղե՞լ է, հաղթող եղե՞լ է տաքսիների հետ կապված, բայց մենք պետք է ամեն ինչ անենք: Ոչ թե ամեն ինչ անենք, այլ պետք է այդ սկզբունքը պահենք. չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել»,- ասել է նա:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Yandex Taxi Aero» ծառայության հետ պարզաբանում ստանալու համար, բայց ակնհայտ է, որ ծառայությունն աշխատում է անբարեխղճորեն ու մեծ գումարներ վերցնում ուղևորներից։
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել