
Հայաստանում ուսուցիչների պակաս կա, երեխաների մի մասն էլ չի հաճախում դպրոց
Հայաստանի դպրոցներում ուսուցիչների մեծ պակաս կա։ Օրինակ՝ Վայոց ձորի 48 դպրոցում կա քիմիայի 17 ուսուցիչ, ինֆորմատիկայի՝ 7, հասարակագիտության՝ 4 և այլն։ Նշված առարկաները միակը չեն․ դասավանդվող բոլոր առարկաններից միայն չորս առարկայի դեպքում է, որ ամեն դպրոցի բաժին է ընկնում առնվազն մեկ ուսուցիչ, մյուս բոլոր առարկաների դեպքում ուսուցիչները քիչ են։ Այսպիսի պատկեր միայն Վայոց ձորի մարզում չէ։
Վիճակագրական կոմիտեն Հայաստանում 2022 թվականի սոցիալական վիճակի վերաբերյալ տվյալներ է հրապարակել, որտեղ ներառված է նաև հանրակրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվություն։
Տվյալների վերլուծության եւ համեմատության արդյունքում ուշագրավ փաստեր են հայտնի դառնում:
2022/2023 ուսումնական տարում ՀՀ-ում փակվել է 3 ոչ պետական դպրոց: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգին է միացել Շիրակի մարզի համայնքային ենթակայություն ունեցող 1 դպրոց: Դպրոցների ընդհանուր թիվը կազմում է 1400, որոնցից 541-ը՝ քաղաքներում, իսկ 859-ը՝ գյուղերում։
2022/2023 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում մանկավարժական աշխատողների թիվը կազմել է 38 285 մարդ, որոնց 78.9%-ը կատարել է միայն ուսուցչական աշխատանք, իսկ 21.1%-ը վարչական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքներին զուգընթաց զբաղվել է նաև ուսուցչական գործունեությամբ։ Աշակերտների թիվը 406 291 է։ Այսպիսով՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը կազմում է 1/13․5։
Պարզվում է, որ Հայաստանում բոլոր երեխաները չէ, որ դպրոց են հաճախում։ Տարրական դասարանի աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը 93․9% է, ինչը տվյալ կրթահամակարգի դասարանների աշակերտների ընդհանուր թվաքանակի տոկոսային մասնաբաժինն է մշտական բնակչության նույն կրթահամակարգի համար պաշտոնապես սահմանված տարիքային խմբի թվաքանակի նկատմամբ:
Այսպիսով՝ այն աշակերտները, որոնք 2022/2023 ուս․ տարվա ընթացքում պետք է հաճախեին տարրական դասարաններ, նրանց թիվը քիչ է 6․1%-ով, հիմնական դասարանների դեպքում՝ 8․5%-ով, իսկ ավագ դասարանների դեպքում՝ 46%-ով։ Ավագ դասարանների պարագայում այս վիճակագրությունը բացատրվում է նրանով, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտների 18.3%-ն ուսումը շարունակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Այս ինֆոգրաֆիկայի միջոցով կարող եք տեղեկանալ, թե քանի աշակերտ է անավարտ թողել ուսումը եւ ինչ պատճառներով:
Հատկանշական է, որ նրանք, որոնց ծնողները թույլ չեն տալիս գնալ դպրոց, հիմնականում 16-18 և բարձր տարիք ունեցողներն են, իսկ նրանք, որոնք սոցիալական վատ պայմանների պատճառով չեն գնում դպրոց, ամենաշատը 14-18 և բարձր տարիք ունեցողներն են։ Նախորդ ուսումնական տարում 8 երեխա չի գնացել առաջին դասարան՝ սոցիալական վատ պայմանների պատճառով։ Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվածները 18 և բարձր տարիք ունեցողներ են։
Գլխավոր նկարը՝ արհեստական բանականության (Midjourney)
Մեկնաբանել