
ԿԳՄՍ նախարարը պնդում է, որ ուսուցիչներին ուղղորդմամբ հանրահավաքների չեն տանում
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին մտահոգում էր կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներին ներգրավելու հարցը: Նա վկայակոչեց իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական հավաքներին ուսուցիչների մասնակցության դեպքերը՝ որակելով վարչական ռեսուրսի չարաշահում:
Հաջորդ հարցը վերաբերում էր 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիների՝ ուսումնական տարին առանց դասագրքերի սկսելուն: Պատգամավորն այն անվանեց կրթական իրավունքի խախտում: Լիլիթ Գալստյանը ցանկանում էր տեղեկանալ՝ արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է այդ գործընթացի տապալման համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ վարչական ռեսուրսի օգտագործման քննարկման որևէ թեմա չկա: Եթե լինեն փաստեր, որ փորձ կարվի ուսումնական հաստատությանը ուղղորդմամբ տանել հանրահավաքի, կպատժվեն:
Նախարարը նշեց, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում տեղ գտած թվերը, որոնք վերաբերում էին ուսումնական հաստատությունների մանկավարժներին հանրահավաք տանելուն, չեն համապատասխանում իրականությանը: Նշված է եղել 114 դպրոցի անունը, մինչդեռ այդ դպրոցի տնօրենը, ուսուցիչները հանրահավաքին չեն մասնակցել, թեև դրանց սահմանադրական իրավունքն ունեին:
Ինչ վերաբերում է պատգամավորի մատնանշած նոր դասագրքերի հարցին, նախարարը հորդորեց այն չանվանել ձախողում: Նշեց, որ այդ դասագրքերի նոր մրցույթում ունեցել են 40% խնայում: Անդրեասյանը հավելեց, որ եղել է բոլոր տպարաններում, և վերջիններիս սեփականատերերը խոստովանել են, որ նախկինում նույնիսկ չեն համարձակվել մոտ գնալ այդ մրցույթներին, քանի որ ամեն ինչ նախապես որոշված է եղել:
Լիլիթ Գալստյանը մերկապարանոց որակեց «նախկիննների լավությունների» մասին նախարարի պնդուները, քանի որ խոսվում է նոր կարգերի մասին, որը հաստատել է գործող կառավարությունը, և ըստ դրա՝ աշակերտները դասագրքեր պետք է ունենային օգոստոսից՝ մինչև ուսումնական տարվա սկսվելը:
Լիլիթ Գալստյանը դարձյալ պնդեց, որ գործընթացը տապալվել է:
Մեկնաբանել