
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ Արմեն Սմբատյանը, 200 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գրավով։ Գրավի դիմաց ազատ է արձակվել նաև վերջինիս հայրը` ՌԴ-ում եւ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով:
Հսկող դատախազի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Սմբատյանի նկատմամբ ևս կիրառվել է գրավ խափանման միջոցը՝ 100 մլն դրամի չափով, ինչպես նաև համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը»,- տեղեկացնում է դատախազությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ ՌԴ-ում եւ Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի եւ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ:
Մեկնաբանել