
Յորգոս Լանտիմոսի ֆրանկենշտեյնյան թեմաներով վարիացան ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը
Այս տարի Վենետիկի 80-րդ հոբելյանական կինոփառատոնը տեղի ունեցավ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը՝ Վենետիկի Լիդո կղզում։ Միջազգային ժյուրին գլխավորում էր ռեժիսոր Դեմիեն Շազելը: Հիմնական մրցույթում ընդգրկված էին 23 կինոնկարներ։ Կինոփառատոնի հիմնական մրցանակների համար պայքարողների թվում էին Լյուկ Բեսոնի, Բրեդլի Կուպերի, Սոֆյա Կոպոլայի, Դեյվիդ Ֆինչերի, Յորգոս Լանտիմոսի ֆիլմերը։
Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», բաժին հասավ հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմուսի Poor Things ֆիլմին։ Այն հիմնված է Ալասդեր Գրեյի համանուն վեպի վրա։ Էմմա Սթոունի, Ուիլյամ Դեֆոյի և Մարկ Ռուֆալոյի գլխավոր դերերում ֆիլմը պատմում է 19-րդ դարի Եվրոպայի սյուրռեալիստական իրականության մեջ մի կնոջ մասին, որին ինքնասպանությունից հետո վերակենդանացնում է էքսցենտրիկ բժիշկը։
Բելլա Բեքսթերը (Էմմա Սթոուն) դաժան ամուսնու պատճառով նետվում է գետը։ Մահացած հղի կնոջ մարմինը հայտնվում է բժիշկ «ֆրանկենշտեյն-գիտնական» Գոդվին Բաքսթերի (Ուիլյամ Դեֆո) լաբորատորիայում։ Նա որոշում է փրկել Բելլային՝ փոխպատվաստելով նրա չծնված երեխայի ուղեղը: Մանկական ուղեղով, բայց չափահասի մարմնով Սթոունի կերպարը՝ Բելլա Բեքսթերը ստիպված է կրկին սովորել խոսել, քայլել, բացահայտել սեփական մարմինն ու սեքսուալությունը։
«Կենտրոնական հերոսը Բելլա Բեքսթերն է՝ անհավանական արարած, որ չէր լինի առանց մեկ այլ անհավանական արարածի՝ Էմմա Սթոունի», - ասել է Poor Things մրցանակակիր ֆիլմի ռեժիսոր Յորգոս Լանտիմոսը։
Մեկնաբանել