
Այս տարվա 6 ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացիություն ստանալու 9268 դիմում է ստացվել
Ռուս-ուկրաինական պատերազմի և եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին ավելացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը:
Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից «Հետք»-ին հայտնում են, որ միայն 2022թ-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 25 հազ. 515 մարդ է դիմել: Իսկ այս տարվա 6 ամսվա ընթացքում ստացվել է 9268 դիմում:
2018թ․-ից ի վեր ՀՀ քաղաքացիություն ստանալու ամենաքիչ դիմումները եղել են 2020 և 2021 թվականներին, ինչը պայմանավորված է «Covid 19»-ով և Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքով:
Ծառայությունից հայտնում են նաև, որ քաղաքացիության դիմումների ավելի քան 90%-ը ներկայացրել են ազգությամբ հայ լինելու հիմքով: Սակայն դիմումատուի երկրի վերաբերյալ տվյալներ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չի արձանագրվում, հետևաբար հայտնի չէ, թե ավելի շատ որ երկրից են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության փոխանցած տվյալների համաձայն՝ 2018-2023թթ. (առաջին եռամսյակ) քաղաքացիությունը դադարեցնելու 27 հազ. 878 դիմում է ստացվել, իսկ Հանրապետության նախագահի հրամանագրերով դադարեցվել է 27 հազ. 496 մարդու քաղաքացիություն:
Ինչպես նշում են ծառայությունից, դիմումատուների մեծ մասը ազգությամբ հայեր են:
2018 թվականից մինչև 2023 թվականի օգոստոսի 18-ը քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու հրամանագիր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով Հանրապետության նախագահի դեմ 47 հայցադիմում է ներկայացվել վարչական դատարան: Դրանց զգալի մասը՝ 32 հայցադիմում, վերաբերում է քաղաքացիությունը դադարեցնելուն։
32 հայցադիմումից 25-ը ներկայացրել են անչափահաս տղաների ծնողները՝ որպես օրինական ներկայացուցիչներ: Անչափահասների դեպքում քաղաքացիությունը չդադարեցնելու հիմնական պատճառը բանակի հետ կապված հարցերն են:
Ինֆոգրաֆիկան՝ Դաթո Աբուլաձեի
Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի (օգտագործվել է Midjourney ծրագիրը)
Մեկնաբանել