
Սյունիքի մարզում ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը. ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում՝ բլոգեր Միկա Բադալյանն ու «Սպուտնիկ Արմենիա» ռադիկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը։
«ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։ Ձևավորվել է քննչական խումբ։
Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»,- նշված է Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նշենք, որ բլոգեր Միկա Բադալյանը Հայաստանում մասնակցում էր Ռուսաստանին աջակցող ցույցերին և փորձում էր ցրել ուկրաինամետ ցույցերը:
Միկա Բադալյանը ապրիլի 22-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։ Միկա Բադալյանին կալանավորել էին մայիսի 24-ին, իսկ հուլիսի 18-ին դատարանի որոշմամբ նրա կալանքը երկարաձգվել էր 20 օրով։
Բադալյանը 6 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հուլիսի 25-ին:
Մեկնաբանել