
ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է տարիքային սահմանափակում դնել դպրոցներում արհեստական բանականության կիրառման համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրապարակել է կրթության մեջ գեներատիվ արհեստական բանականության (GenAI) օգտագործման վերաբերյալ իր առաջին ուղեցույցը՝ կոչ անելով կառավարություններին կարգավորել տեխնոլոգիայի կիրառումը և վերապատրաստել ուսուցիչներին։
Խոսքն արհեստական բանականության այն գործիքների մասին է, որոնք հրամանների միջոցով ինչ-որ բովանդակություն են ստեղծում՝ տեքստեր, նկարներ, աուդիո։
Կրթության և հետազոտության ոլորտում գեներատիվ ԱԲ-ի ուղեցույցը ներկայացվել է Թվային ուսուցման շաբաթվա (Digital Learning Week) ընթացքում, որն անցկացվում էր սեպտեմբերի 4-ից 7-ը Փարիզում:
Կազմակերպությունն առաջարկում է ուշադրություն դարձնել տվյալների գաղտնիության պաշտպանությանը և օգտատերերի համար տարիքային սահմանափակում դնել:
«Արհեստական բանականության վերաբերյալ ազգային կանոնակարգերի բացակայությունը շատ երկրներում օգտատերերի տվյալների գաղտնիությունն անպաշտպան է թողնում, իսկ կրթական հաստատությունները հիմնականում անպատրաստ են գործիքների ինտեգրմանը։ Համաշխարհային այս ուղեցույցը նպատակ ունի աջակցել երկրներին՝ իրականացնելու անհապաղ գործողություններ»,- նշվում է ուղեցույցում։
Ըստ ուղեցույցի՝ ԱԲ գործիքները հիմնականում ստեղծված են չափահասների համար, ուստի երեխաներին մանիպուլյացիայից և ոչ ցանկալի բովանդակությունից ապահովագրելու համար կառավարությունները պիտի օգտվողների թույլատրելի տարիք սահմանեն։
Ներկայում ChatGPT-ի օգտագործման պայմանները պահանջում են, որ օգտատերերն առնվազն 13 տարեկան լինեն, իսկ մինչև 18 տարեկան օգտվողները ծառայություններից օգտվելու համար պետք է ունենան ծնողի թույլտվությունը: Տարիքի նույնականացման համար առաջարկվում է նոր մեխանիզմներ կիրառել։
Քանի որ տեխնոլոգիաներն ավելի արագ են զարգանում, հանրակրթության ոլորտում պետք է փոփոխություններ արվեն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի ուսումնասիրության համաձայն՝ աշխարհում միայն 7 երկրում են ուսուցիչների՝ ԱԲ ոլորտում վերապատրաստման ծրագրեր իրականացվում կամ մշակվում, որոնցից երկուսը մեր հարևան պետություններն են՝ Թուրքիան և Վրաստանը։ Այս ցանկում են նաև Չինաստանը, Ֆինլանդիան, Իսպանիան, Թայլանդը և Քաթարը։
«Թվային դարաշրջանի այս նոր փուլում պետք է վերանայել, թե ինչու, ինչ և ինչպես ենք մենք սովորում»,- նշվում է ուղեցույցում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլին X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է, որ կառավարությունները ԱԲ կանոնակարգման ուղղությամբ անհապաղ քայլեր պետք է ձեռնարկեն։
«Այս տեխնոլոգիան կարող է մարդկության զարգացման հնարավորություն լինել, բայց կարող է նաև վնասներ պատճառել։ Այն չի կարող կիրառվել կրթության մեջ՝ առանց անհրաժեշտ պաշտպանական երաշխիքների»,- գրել է Ազուլին։
Ուղեցույցը մշակողները կարծում են, որ արհեստական բանականության կիրառման կանոնակարգումն արդյունավետ կլինի սովորողների, ուսուցիչների ու հետազոտողների համար՝ դարձնելով տեխնոլոգիան մարդակենտրոն։
Մեկնաբանել