
Քոչարյանը, Սարգսյանը՝ իրենց մետաստազներով, երկարացնում են Փաշինյանի իշխանությունը
Ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ, ինքս էլ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման օրը, մասնակցեցի՝ «Ի պաշտպանություն պաշարված Արցախի» հանրահավաքին:
Որևէ ակնկալիք չունեի, որ այնտեղ պետք է լսենք քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի հայտը, թե «պատրաստ եմ առաջնորդել պայքարը»:
Անդրանիկ Թևանյանը, որը ԱԺ-ում երկու շաբաթը մեկ, արդեն քանի տարի է՝ հնարավորություն ուներ Փաշինյանին ուղիղ հարցեր տալու, ընդդիմադիր խմբակցությունների իր գործընկերների հետ միշտ խուսափել, փախել է դահլիճից՝ իբրև թե քաղաքական ակցիա են իրականացնում, հիմա հավակնում է դառնալ ժողովրդական շարժման առաջնորդ: Բակային քարոզչության ընթացքում էլ առաջարկում է Փաշինյանին «մեյդան» բերել, որ բանավիճի:
Հանրահավաքից առաջ էլ, հետո էլ կոչեր են հնչում, թե պետք է մի կողմ դնել նախկին-ներկա փակ շղթան, բոլոր ուժերով համախմբվել Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ: Առանց միմյանց անցյալը հաշվի առնելու:
Այսինքն՝ պետք է ձևացնել, թե մոռացե՞լ ենք, որ Թևանյանը «7 օր» կայքում Ռոբերտ Քոչարյանին, Ծառուկյանին, Հովիկ Աբրահամյանին հաճո պատվերով, կեղծ, վարկաբեկիչ հոդվածներ էր տպում:
Չնկատե՞նք, որ Արցախի Հանրապետության հռչակման թեմայով հանրահավաքին մարդիկ չէին եկել՝ ակնկալելով, թե կալանավայրից պիտի ուղերձով իրենց դիմի Արմեն Աշոտյանը, որը մինչև 2018 թ.-ը որևէ անարդարության դեմ՝ լինի ընտրությունների կեղծման, դրանց արդյունքների գողացման, համատարած կոռուպցիայի թե տասնյակ քաղբանտարկյալների վերաբերյալ, որևէ ծպտուն չի հանել: Իր հավատարմությունը իր պախանին ցույց տալու համար պատրաստ էր ամենավերջին ստորության. «Դոդի Գագոյին պարոն Ծառուկյանի և այժմ էլ պարոն Ծառուկյանին Դոդի Գագոյի վերածելու» մասին նրա ելույթը այդ առումով մաստեր կլաս էր:
Կալանավայրում քաղաքական պատվերով գտնվող մեկի հանդեպ չէի ցանկանա որևէ բան գրել: Ինքս էլ 1996-97 թթ. քաղաքական պատվերով կալանավորված եմ եղել ու ինձ համար կալանավայրում կարևոր սկզբունք է եղել «арестантская солидарность»-ը, բայց հիմարի տեղ դնել հազարավոր մարդկանց ու հավակնել մեր իրականության նոր Նելսոն Մանդելայի տիտղոսին, չի կարելի թույլ տալ:
Պետության տրամադրած տասնյակ թիկնապահներով Ազատության հրապարակում տեղավորվել էր նաև Սերժ Սարգսյանը՝ շրջապատված լրագրողներով, որոնք քաղաքական բովանդակության հարցեր էին ուղղում նրան: Իսկ նրան ուղղվելիք հարցերը միայն մեկ բովանդակություն ունեն՝ քրեական. ինչպե՞ս է իր իշխանության ժամանակ իր վարորդ, այնուհետև՝ թիկնազորի պետ Վաչոն Եռաբլուրի ողջ երկայնքով, մոտ տասը միլիարդ դրամի մի քանի հեկտար հող յուրացրել ու հիմա էլ հոժարակամ այդ հողերը վերադարձնում է պետությանը:
Իսկ այդ հողերի, նաև վելոտրեկի հարևանությամբ և ողջ Եռաբլուրի տակ ամեն դեցիմետրը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մերձավորների միջև էին բաժանված: Իր իշխանության ժամանակ կոռուպցիայի կենդանի լեգենդներ դարձած Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Երվանդ Զախարյանը, շատ ուրիշներ, ինչպե՞ս են հարյուրավոր անշարժ գույքի, հարյուրավոր միլիոններից՝ միլիարդների տեր դարձել:
Ու Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ներկայանում են միտինգի ու Փաշինյանին հեռացնելու հայտ ներկայացնում:
Եթե մի քանի տարի առաջ մեկն ասեր, որ կգա ժամանակ, երբ վարչապետ կդառնա Նիկոլ Փաշինյանը, մի քանի տարում կհանձնի պետականությունը, և կմասնակցես նրա հրաժարականի պահանջով հանրահավաքի՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ նույն հրապարակում, կկարծեի՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում եմ:
Միտքը, թե բոլորս պետք է մի կողմ դնենք տարակարծություններն ու այն, ինչ եղել է նախկինում, համախմբվենք Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ, անթույլատրելի է:
Ընդդիմության մեջ պետք է լինեն ու պայքարը առաջնորդեն մարդիկ, որոնք գողության, ընտրությունները կեղծելու մեջ չեն եղել: Հակառակ դեպքում՝ ամեն օր պետությունը թշնամուն հանձնող այս իշխանության դեմ պայքարը կձախողվի: Զրո ռեյտինգով ո՜չ 7-ից 11, ո՜չ 111 ուժ չեն կարող կազմակերպել իշխանափոխություն. զրոների գումարը զրո է:
Բոլորս մեծ անհանդուրժականություն պիտի դրսևորենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր կեղծել, գողացել են ընտրությունների արդյունքները, անդառնալի մսխել հնարավորությունը՝ իր թշնամիներին դիմագրավող պետություն ստեղծելու:
2018-ին էլ չկարևորեցինք, մատների արանքով նայեցինք խմբագիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի բանսարկությունները, քաղաքական հակառակորդների հանդեպ անազնիվ ու գոտկատեղից ցածր միջոցներ օգտագործելը: Դա մեծ, ճակատագրական սխալ էր, որը, իր հերթին, մեզ բերեց այսօրվան:
Ցանկալի նպատակին հասնելու համար միջոցների միջև ընտրությունը այդ նպատակից պակաս կարևոր չէ։ Միայն այդ դեպքում է հնարավոր արդյունավետ օգտագործել շանսը՝ այս իրավիճակից դուրս գալու համար. առաջին հերթին ասպարեզից հեռացնել ամեն օր Արցախի ու Հայաստանի հանդեպ նպատակաուղղված դավադրություն իրականացնող այս իշխանություններին:
Իսկ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ իրենց մետաստազներով, երկարացնում են Փաշինյանի իշխանության կյանքը:
Վահե Վարսանյան
Մեկնաբանել