
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԱՀ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ դրա հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարևոր նշանակություն ունեն:
Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Գուրգեն Ներսիսյանին երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար և Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին, Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում գրառում էր արել իր սպասվելիք հրաժարականի, պետնախարար Գուրգեն Ներսիսյանին պաշտոնից ազատելու և նոր պետնախարար նշանակելու մասին։
Այսօր Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:
Մեկնաբանել