
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Հակակոռուպցիոն դատարանը մերժել է վերջինիս պաշտպանների ներկայացրած միջնորդությունը` խափանման միջոցը փոխելու մասին:
Այս մասին որոշումը քիչ առաջ հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը:
Նշենք, որ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել` պահանջելով դռնբաց և հրապարակային դատաքննության անցկացում:
Դավիթ Տոնոյանը 2021թ․ սեպտեմբերի 30-ից կալանավորված է։ Դատարանը չի բավարարել Տոնոյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների ներկայացրած նախորդ երկու միջնորդությունները։ Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի 29-ի կայացրած որոշումը՝ խափանման միջոցը չփոխելու մասին, պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը ևս մերժել է բողոքը։
Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Մեկնաբանել