
Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են Բաքվի ու Երևանի հարաբերությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը և իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Քննարկման կենտրոնական թեմաներից մեկը եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։
«Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես փոխանցում է ադրբեջանական կողմը, զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, մշակութային, հումանիտար, գոհունակություն է առաջացնում:
«Մամեդովը ռուս գործընկերոջը տեղեկացրել է նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի, Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի, խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերի, հայկական կողմի ռազմաքաղաքական սադրանքների մասին, որոնք խաթարում են այդ ջանքերը և հակասում միջազգային իրավունքին ու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի (ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի փոխարեն կիրառում է նոյեմբերի 10-ը-խմբ.) եռակողմ հայտարարությանը»,- հայտնել է ադրբեջանական կողմը։
Հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկումից կամ Լաչինի միջանցքի փակ լինելուց, ինչի պատճառով Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում ողջ Արցախն ու այնտեղ ապրող բնակչությանը։
Մեկնաբանել