
Գրիբոյեդովում արտահերթ ընտրություն էր. հաղթեց 28-ամյա անկուսակցական թեկնածուն
Երեկ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում համայնքապետի արտահերթ ընտրություններ էին: Ձայների ճնշող մեծամասնությամբ համայնքապետ ընտրվեց 28-ամյա անկուսակցական Վահե Գրիգորյանը` հետ թողնելով նախկին երկու համայնքապետերին: Գյուղացիները կատակով նշում էին, որ հաղթանակից հետո Վահեին մնում է միայն ամուսնանալը:
Գրիբոյեդովում համայնքապետի թեկնածուները երեքն էին` Բաղդասար Գաբրիելյանը, Վահե Գրիգորյանը եւ վերջինիս նախորդը` Կամո Ջամալյանը:
Այս ընտրությունները գյուղում բավականին աշխուժություն էին առաջացրել, եւ մասնակցությունն էլ մեծ էր. 1499 ընտրողից քվեարկել էին 960-ը: Ընտրողների ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ` Բաղդասար Գաբրիելյան` 272 քվե, Վահե Գրիգորյան` 445, Կամո Ջամալյան` 220, իսկ 20 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:
Նշենք, որ Գրիբոյեդովի համայնքապետ Բաղդասար Գաբրիելյանը մոտ 2 ամիս առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի, սակայն ամիսներ անց նա նորից առաջադրեց իր թեկնածությունը` պատճառաբանելով, թե այդ քայլով ուզում է կանխել իրենից առաջ համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Կամո Ջամալյանի հաղթանակը: Բաղդասար Գաբրիելյանը կողմ էր, որ իրեն երիտասարդ համայնքապետ փոխարինի:
Ընտրություններից անմիջապես հետո, Վահե Գրիգորյանի տան բակում ավտոմեքենաների ու մարդկանց պակաս չէր զգացվում: Հատկապես երիտասարդները հավաքվել եւ իրենց խոսքով` նշում էին երիտասարդության հաղթանակը: Այն, որ Վահեն է հաղթելու, գյուղում գրեթե չէին կասկածում, սակայն երիտասարդ համայնքապետի մայրը ընտրություններից հետո ասաց, որ մինչեւ վերջ սպասել են եւ նախապես հաղթանակ չեն տոնել:
Նշենք, որ ընտրություններն անցան առանց խախտումների ու միջադեպերի: Հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց միջեւ որեւէ լարվածություն չկար: Թեեւ գյուղի դպրոցի բակում ոստիկանների թիվը հասնում էր հինգ տասնյակի, սակայն նրանք այդպես էլ «անգործ» մնացին:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Շուշիկ Շուշանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Գրիբոյեդովում ընտրությունները միշտ էլ հանգիստ են անցել ու առանց միջադեպերի: «Ես հանձնաժողովի անդամներին ասել եմ, որ ձեզնից շատերը այս գյուղից չեն, դուք գնացող մարդիկ եք, իսկ գյուղացիները շարունակելու են միասին ապրել եւ պետք է այնպես կազմակերպել ընտրությունները, որ դրանից հետո թշնամանք չառաջանա»,-ասաց Շ. Շուշանյանը:
Թեեւ հանձնաժողովն աշխատում էր առանց միջադեպերի, թեկնածուներից Կամո Ջամալյանի կողմնակիցները զանգահարել էին ոստիկանություն եւ հայտնել, թե ընտրատարածքում անկարգություններ են կատարվում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել