
Չարենցավանի համայնքապետը նախկին պատգամավոր Վահան Հարությունյանից 223 միլիոն դրամ եկամուտ է ստացել
2022 թվականին Հայաստանի 71 համայնքների ղեկավարների շարքում ամենաշատ եկամուտ ունեցածներից մեկը Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանն է։
Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդին է, Չարենցավանի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից։
Ըստ համայնքապետի՝ 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնյան նախորդ տարի 249 մլն 425 հազար դրամ եկամուտ է ունեցել։
Սրա գերակշիռ մասը՝ ավելի քան 223 մլն դրամը, Շահգալդյանը ստացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանից, որպես եկամտի տեսակ՝ նշված է «այլ եկամուտ»։ Հայտարարագրում նշված է նաև, որ 2022-ի ընթացքում Հակոբ Շահգալդյանը նույն Վահան Հարությունյանին 111,5 մլն դրամ փոխառություն է հանձնել։
«Հետքի» հետ զրույցում Հակոբ Շահգալդյանը նշեց, որ 2022-ին Վահան Հարությունյանին վաճառել է «Արմավտո» ԲԲԸ-ի իր մասնաբաժինը (20,8%)՝ շուրջ 223 մլն դրամով։ Դրա կեսը, Շահգալդյանի խոսքով, Հարությունյանը վճարել է 2022-ի դեկտեմբերին, որը համայնքապետը բանկում ավանդ է դրել (245 հազար ԱՄՆ դոլար): Մյուս մասը՝ 111,5 մլն դրամը, որպես Վահան Հարությունյանին հանձված փոխառություն՝ նշված է հայտարարագրում։ Շահգալդյանի խոսքով՝ Հարությունյանը այդ գումարը վճարել է 2023-ի փետրվարին։
Վերադառնալով եկամուտներին՝ Չարենցավանի համայնքապետը 7 մլն դրամի եկամուտ է ստացել «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ում իր ունեցած շահաբաժնից։ Շահգալդյանը 9 մլն և 3,5 մլն դրամ վարկ է վերցրել «Ակբա բանկից», 639 դոլար էլ կազմել է «Արդշինբանկին» տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը։ Մոտ 6 մլն 400 հազար դրամն էլ եղել է համայնքապետի աշխատավարձը։
Շահգալդյանը 20 անշարժ գույք է հայտարարագրել, որոնցից 18-ը՝ միանձնյա սեփականության իրավունքով, 2-ը՝ բաժնային (50%)։ Այս ցուցանիշով Չարենցավանի համայնքապետը պաշտոնակիցներից զիջում է միայն Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին (51) և Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանին (29)։
20 անշարժ գույքից 18-ը գտնվում են Կոտայքի մարզում, 2-ը՝ Երևանում (Կենտրոն վարչական շրջանում բնակարան և ավտոտնակ)։ Վերջին անգամ անշարժ գույք Շահգալդյանը ձեռք է բերել 2019-ին․ բնակարան է նվեր ստացել Չարենցավան համայնքում։
Ըստ Շահգալդյանի հայտարարագրի՝ պաշտոնյան մասնակցություն ունի առևտրային 3 կազմակերպությունում։ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ն, որն ամբողջությամբ պատկանում է համայնքապետին, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, գործունեություն է ծավալում հանրային սննդի կազմակերպման ոլորտում։ Այս ընկերությունից Շահգալդյանը նախորդ տարի 7 մլն 248 հազար դրամ եկամուտ է ստացել։ Հայտարարագրում նշված մյուս ընկերություններից՝ «Կարկոր» ՍՊԸ-ից և «Արմկոմպոզիտ» ՍՊԸ-ից, որոնցում Շահգալդյանի մասնակցության չափը 50% է, պաշտոնյան եկամուտ չի ստացել․ գազամատակարարման ոլորտում գործունեություն իրականացնող «Կարկոր» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, սնանկ է ճանաչվել, իսկ մետաղե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող «Արմկոմպոզիտ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։
Չնայած տարվա ընթացքում հայտարարագրած մոտ 250 մլն դրամ եկամտին՝ Հակոբ Շահգալդյանի դրամական միջոցները՝ կանխիկ գումարն ու բանկային հաշիվների մնացորդները, չեն շատացել։ Համայնքապետը տարվա վերջում կանխիկ 9 մլն 700 հազար դրամ է հայտարարագրել, որը տարեսկզբին կազմել է 21 մլն դրամ, և 15 հազար ԱՄՆ դոլար, որը տարեսկզբին չի եղել։ Բանկային հաշվի մնացորդն էլ, ըստ հայտարարագրի, տարվա վերջում 0 դրամ է։ Փոխարենը՝ համայնքապետը տարվա վերջում 245 հազար ԱՄՆ դոլար բանկային ավանդ է հայտարարագրել, որի գումարը, ինչպես արդեն նշել ենք, ստացել էր Վահան Հարությունյանին վաճառված բաժնեմասից։
***
«Հետքը» շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը։ Առաջիկայում հայտարարագրերի վերաբերյալ նոր հրապարակումներ կունենանք։
Մեկնաբանել