
Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հացահատկի գործարքի վերսկսումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ինչպես նաև՝ Սև ծովում անվտանգության հարցը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Պետքարտուղար Բլինքենն այսօր խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ընդգծելու հայ-ադրբեջանական խաղաղության քննարկումների կարևորությունը։ Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սև ծովի հացահատկի նախաձեռնության գործում նրա առաջնորդության համար և նշել Կրեմլի կողմից սննդամթերքի` որպես պատերազմի զենք օգտագործման դեմ պայքարի հրատապ անհրաժեշտությունը։ Պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացման նպատակով խորհրդարան ուղարկելու համար»,- ասված է ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ նշել է, որ հեռախոսազրույցը եղել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, իսկ կողմերը քննարկել են Անդրկովկասում առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հացահատկի գործարքն ու ՆԱՏՕ-ի ընդլայնումը։
Լուսանկարը՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության
Մեկնաբանել