
7 անշարժ գույք չհայտարարագրած Հովիկ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվեց: Այս մասին որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը գործով հերթական նիստի ժամանակ:
Հովիկ Աբովյանը մեղադրվում էր հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով 7 անշարժ գույքի տվյալները դիտավորությամբ թաքցնելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով` 3.035.946 դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքի մասին էր:
Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը մեզ պարզաբանեց` քանի որ հանցանքը միջին ծանրության է, վաղեմության ժամկետը 5 տարի է: Իսկ Հովիկ Աբովյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2018-ի հունիսին:
Հովիկ Աբովյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնեց, որ Աբովյանն ընդունում է, որ չի հայտարարագրել նշված գույքերը, սակայն դրա համար ունեն պատճառաբանություններ: Այնուամենայնիվ, նա նշեց, որ չեն առարկում վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն: Միքայելյանի խոսքով` միակ խոչընդոտը կարող էր լիներ այն, որ Աբովյանը չընդուներ մեղադրանքը:
Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը չառարկեց միջնորդության դեմ, միայն նշեց, որ բացառող հիմք կարող է լինել նաև այն, որ տվյալ ժամանակահատվածում Աբովյանը այլ հանցանք կատարած լինի:
Դատարանը հայտնեց, որ այդ տեղեկությունը ճշտել է, այլ հանցանքներ տվյալ ժամանակահատվածում չի կատարել Աբովյանը:
Աբովյանի պաշտպան Գոռ Միքայելյանը միջնորդեց նաև վերացնել գույքերի վրա դրված արգելանքը և Աբովյանի խափանման միջոցը` երկրից չհեռանալու մասին: Միքայելյանը դատարանին խնդրեց այդ մասով կայացնել առանձին որոշումներ, քանի որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումից միայն 1 ամիս հետո գույքերի արգելանքը և խափանման միջոցը կվերանան: Միքայելյանի խոսքով` Աբովյանն ունի առողջական խնդիրներ և ավելի շուտ է անհրաժեշտ խափանման միջոցի փոփոխությունը:
Իսկ գույքերի վրա դրված արգելանքը վերացնելու հրատապությունը պայմանավորված է նրանով, որ դրանց թվում են նաև մի շարք գույքեր, որոնք այժմ չեն պատկանում Աբովյանին և ներկայիս սեփականատերերի համար խնդիրներ է առաջացնում արգելադրումը:
Դատավորը որոշումը ընթերցելիս հայտնեց, որ խափանման միջոցը միանգամից վերանում է, իսկ գույքերի արգելադրումը թեև վերանում է, սակայն պետք է որոշ ընթացակարգ անցնի:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի գործով։ Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբովյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
- 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ, երեք շարժական գույք, երկու ընկերությունում մասնակցության իրավունք։
- Չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ։
- 389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել