
Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները դեռևս Կոռնիձորում են
Հայաստանից Արցախի Հանրապետություն հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները դեռևս Կոռնիձորում են։ Այս մասին «Հետք»-ին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
Այսօր առավոտյան Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Բեռնատարներում շաքարավազ է՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք:
Արդեն մոտ 3 ժամ է, ինչ ավտոշարասյունը Կոռնիձորում կանգնած է։
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը հումանիտար բեռները բնակչությանն օր առաջ հասցնելն է։
«Հայկական կողմը սահմանված կարգով դիմել է ռուսական խաղաղապահ ուժերին՝ բեռները ԼՂ բնակչությանը հասցնելու նպատակով։ Համապատասխան խողովակներով նույն տեղեկատվությունը փոխանցվել է նաև ադրբեջանական կողմին։
Բեռների խմբաքանակում ներառված ապրանքատեսակների և այլ համապարփակ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ սահմանապահ ուժերին և վերջինիս միջոցով՝ նաև ադրեբջանական կողմին։
Ակնկալում ենք Ադրբեջանի կառուցողական մոտեցումը հումանիտար աջակցությումը ԼՂ բնակչությանը հասցնելու ուղղությամբ՝ համաձայն իր ստանձնած, իրավական ուժ ունեցող պարտավորությունների»,- «Լուրերի» հետ զրույցում նշել է Սարգսյանը։
Ավելի վաղ, Վարդան Սարգսյանը հայտնել էր, որ բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան այնքան, մինչև կոնկրետ պատասխան ստանան ՌԴ խաղաղապահ ուժերից։
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի
Մեկնաբանել