
Իլոն Մասկին պատկանող Twitter սոցիալական ցանցի տարբերանշանը փոխվել է
Նոր տարբերանշանը՝ X
Երեկ Իլոն Մասկը գրառում էր արել իր թվիթերյան էջում՝ ասելով. «Եվ շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»։
Իսկ Twitter-ի գլխավոր գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն իր էջում գրել է․ «Twitter-ը հսկայական տպավորություն թողեց և փոխեց մեր հաղորդակցման ձևը: Այժմ X-ն ավելի հեռուն կգնա՝ վերափոխելով համաշխարհային այս հարթակը»։
Միլիարդատեր Իլոն Մասկը փոխել է իր էջի գլխավոր լուսանկարը նոր տարբերանշանով և իր էջում ավելացրել «X.com»-ը, որը Twitter սոցիալական ցանցի հղման նոր ձևն է։ Նա հրապարակել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Twitter-ի կենտրոնակայանի լուսանկարը, որի պատին պատկերված է «X» տարբերանշանը։
Հրաժեշտ կապույտ թռչունին
Կապույտ թռչունը, որը փոխարինվել է X-ով, կոչվում է Լարի։ Twitter-ի համահիմնադիր Բիզ Սթոունի խոսքով՝ այն հարգանքի տուրք է բասկետբոլի աստղ և «Boston Celtics» թիմի լեգենդ Larry Bird-ին։
«Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս այս մեծ կապույտ թռչունին»,- այս մասին իր թվիթերյան բլոգում գրել է թվիթերի նախկին տարբերանշանի հեղինակներից մեկը՝ Մարտին Գրասերը։ Տարբերանշանը ստեղծվել է 2012 թվականին, երեք հոգանոց թիմի կողմից։
X-ի և Իլոն Մասկի կապը
X տառը հաճախ է կիրառվել Իլոն Մասկի կողմից՝ սկսած 1999 թվականից, երբ նա ստեղծեց «X.com»-ը, որը առցանց բանկային համակարգ էր։ Այն մի քանի տարի անց միաձուլվեց այլ ընկերության հետ։ Այժմ «X.com»-ը վերահղվել է Twitter-ին։
Նա նաև «SpaceX» ամերիկյան առևտրային օդատիեզերական ընկերության գլխավոր տնօրենն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։
Իսկ նրա որդու անունը X Æ A-12 Musk է։
Մեկնաբանել