
Հեղինակը` արհեստական բանականություն. Google-ը լուրեր ստեղծող նոր գործիք է փորձարկում
Google-ը Genesis անունով գործիք է փորձարկում, որն օգտագործում է արհեստական բանականության տեխնոլոգիան՝ լուրեր ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ գործիքին ծանոթ անանուն աղբյուրներին հղում անելով։
Genesis-ը, ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկություններ ստանալով, կարող է բովանդակություն ստեղծել։ Google-ի կարծիքով՝ արհեստական բանականությունը կարող է ավտոմատացնել լրագրողների շատ գործառույթներ՝ ավելի շատ ազատ ժամանակ ապահովելով որակյալ և հանրօգուտ բովանդակության ստեղծման համար։ Գաղափարը, սակայն, դեռ ուսումնասիրման նախնական փուլում է։
Google-ի ներկայացուցիչ Ջեն Քրայդերը նշել է՝ նման գործիքները նախատեսված չեն և չեն կարող փոխարինել լրագրողներին, դրանք մշակվում են լրագրողներին օգնելու համար։
Ամերիկացի լրագրող, մեդիա փորձագետ Ջեֆ Ջարվիսը խոսել է Google-ի նոր գործիքի հնարավորությունների մասին՝ չշրջանցելով նաև ռիսկերը:
«Եթե այս տեխնոլոգիան կարող է արժանահավատորեն մատուցել փաստացի տեղեկատվություն, լրագրողները պետք է օգտագործեն գործիքը», - ասել է Ջարվիսը։
The New York Times-ի փոխանցմամբ՝ գործիքն արդեն ներկայացվել է The New York Times-ին, The Washington Post-ին, The Wall Street Journal-ի սեփականատեր News Corp մեդիա կորպորացիային և այլ լրատվամիջոցների։
Գլխավոր նկարը՝ հեղինակի
Մեկնաբանել