
Թուրքիան եռակողմ հայտարարության կողմ չէ. Զախարովան անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը խաղաղապահների հեռանալու մասին
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը դառնում է է'լ ավելի պահանջված՝ տարածաշրջանում լարված իրավիճակի պահպանման պայմաններում։ Նման հայտարարությամբ հինգշաբթի օրը՝ հուլիսի 20-ին հանդես է եկել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս խաղաղապահները, հիշեցնեմ, շարունակում են կարևոր կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում: Նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է, մարտական գործողությունների բացառումը։ Հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն այժմ է'լ ավելի պահանջված է»,- հայտարարել է Զախարովան։
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները 2025 թվականին պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, Զախարովան նշել է, որ Անկարան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմ չէ։ Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ հենց այս փաստաթղթի հիման վրա է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ անձնակազմ և հենց այս փաստաթղթում են հստակ ամրագրված խաղաղապահների՝ ինչպես տարածաշրջանում տեղակայման ժամկետները, այնպես էլ հաջորդ հնգամյա ժամկետով դրա երկարաձգման հնարավորությունը։
«Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային դերակատարների, այդ թվում, կարծում եմ, Թուրքիայի շահերից։ Այս կապակցությամբ մենք կարևորում ենք թուրք գործընկերների հետ կարևոր փոխգործակցությունը Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում»,- հավելել է Զախարովան։
Խոսելով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման հավանականության մասին՝ Զախարովան այն բարձր է գնահատել։ «Ես կարծում եմ, որ շանսերը շատ լավն են, և հենց մենք փորձագետներից ստանանք <...> ամսաթվի մասով կոնկրետ բան, անպայման կհայտնենք ձեզ հետ»,- լրագրողներին ասել է նա։
Զախարովան անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն ուղարկելուն։ Ըստ նրա՝ առանձին երկրներ մշակում են Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարման տարբերակներ։ «Ինչ վերաբերում է մարդասիրական օգնության մատակարարմանը, ապա, ինչպես մենք հասկանում ենք, ներկայումս միջազգային կառույցների առանձին երկրներ մշակում են այս հարցի լուծման տարբեր տարբերակներ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը՝ ընդգծելով, որ չի ցանկանում հստակեցնել որևէ հնարավոր ուղղություն, իսկ եթե դրա կարիքը կա, կճշտի մասնագետներից։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել