
Հայաստանի հավաքականն աշխարհում 90-րդն է
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին նախորդ՝ հունիս ամսվա ցուցակի համեմատ տեղաշարժ չի գրանցել եւ 1253 վարկանիշային միավորով շարունակում է զբաղեցնել 90-րդ հորիզոնականը:
Համաշխարհային ցուցակի առաջին 10-յակում փոփոխություններ չկան: Այն ունի հետեւյալ տեսքը՝ Արգենտինա, Ֆրանսիա, Բրազիլիա, Անգլիա, Բելգիա, Խորվաթիա, Նիդերլանդներ, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա:
«Եվրո-2024»-ում Հայաստանի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Խորվաթիան, որն, ինչպես տեսնում ենք, աշխարհում 6-րդն է: Ուելսը 35-րդն է, Թուրքիան՝ 41-րդը, Լատվիան՝ 134-րդը: Բոլորն էլ պահպանել են հունիս ամսվա իրենց դիրքերը:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն Ուկրաինայինն է, որը 24-րդն է, Ռուսաստանը 38-րդն է, Ուզբեկստանը՝ 74-րդը, Վրաստանը՝ 78-րդը, մյուսները Հայաստանի հավաքականից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Իրանն է (22), Թուրքիան ու Վրաստանը, ինչպես ասվեց, 41-րդ եւ 78-րդ հորիզոնականներում են, իսկ Ադրբեջանը՝ 121-րդ:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի սեպտեմբերի 21-ին: Մինչ այդ՝ սեպտեմբերի 8-ին, մեր թիմը արտագնա հանդիպում կանցկացնի Թուրքիայի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին տանը կընդունի Խորվաթիային:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել