
Նախագիծ. եկամտային հարկի վերադարձի ծրագիրը աստիճանաբար կդադարեցվի նաև մարզերում
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2029 թվականից ամբողջությամբ հրաժարվել եկամտային հարկի վերադարձի կիրառությունից ոչ միայն Երևանում, այլև մարզերում։
2015 թվականից գործող ծրագրի համաձայն՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել կառուցապատողից գնվող բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։
2018 թվականից այս ծրագրի համար գործում են սահմանափակումներ, որոնք վերաբերում են տան արժեքին և տոկոսագումարի չափին։ Նոր սահմանափակումներ մշակվեցին 2021 թվականից և հաջորդող տարում ուժի մեջ մտան։ Ըստ դրանց՝ ծրագիրը Երևանում աստիճանաբար դադարեցվում է մինչև 2025 թվականը և գործելու է միայն մարզերում:
Եվ ահա, նոր նախագծով, որը Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել e-draft.am-ում, առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից այն չկիրառել Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում։
Իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո նաև մյուս մարզերում։
Պատճառն այն է, որ այս ծրագիրը տարեցտարի ավելի մեծ բեռ է դառնում Հայաստանի պետական բյուջեի համար։
Բացառություն կկազմեն Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքերը։
Օրենքի հետադարձ ուժի մասին նախագծում ոչինչ նշված չէ, ինչը նշանակում է, որ այս փոփոխությունները չեն տարածվելու արդեն նախագծից օգտվողների վրա։
«Եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են, արդյունքում մեծ բեռ են պետական բյուջեի վրա»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ըստ Ֆինանսների նախարարության՝ 2022 թվականին պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձի ծրագրի գծով վարկառուներին է վերադարձվել 36.5 միլիարդ դրամ։ Տարեցտարի այս գումարները կտրուկ աճել են։
Ֆինանսների նախարարությունում համարում են, որ եկամտային հարկի վերադարձով ներկայում պետական բյուջեից սուբսիդավորման ճանապարհով շարունակվում է բուռն կեպով խթանել երկու ոչ արտահանելի՝ ֆինանսական և շինարարության ոլորտների զարգացումը, ինչը համահունչ չէ Հայաստանի կառավարության որդեգրած՝ տնտեսության արտահանելի հատվածը խթանելու քաղաքականությանը։
Մեկնաբանել