
Արմեն Ռուստամյան. «Ժողովուրդ, էս էիք ուզո՞ւմ»
ԱԺ ընդմիջումից հետո կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումը ԱԺ ամբիոնից ներկայացրեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ըստ նրան` կառավարության ծրագիրը մի փաստաթուղթ է, որը չի արտացոլում մեր երկրի առաջ ծառացած խնդիրները եւ տպավորություն է ստեղծվում, թե այն մեր երկրի մասին չէ:
«Մի կառավարություն, որը մի ծրագիր արդեն ձախողել է, ինչո՞ւ պիտի եւս մեկը ձախողի»,- հայտարարեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Պատգամավորի ասելով` կառավարությունը ոչ մի վստահություն չի ներշնչում, ապա հիշեցրեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովում ՀՅԴ-ն երկու անգամ անվստահություն է հայտնել կառավարությանը, սակայն անհրաժեշտ թվով ստորագրություններ չեն կարողացել հավաքել, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան, իսկ այժմ հասունանում է կառավարությանը անվստահություն հայտնելու երրորդ առիթը:
Ըստ պատգամավորին` ԱԺ-ի 6 խմբակցություններից 5-ը հայտարարել են, որ խորհրդարանական ընտրություններն անցել են կեղծիքներով, իսկ 4-ը նշել են, որ բացարձակ կեղծիքներ են եղել: Մինչդեռ կառավարությունը ծրագրում նշել է ընտրությունների արդյունքները եւ հիմնվել ժողովրդի վրա:
«Մնում է հարցնել. ժողովուրդ, էս էիք ուզու՞մ: Եթե էս էիք ուզում, ապա լիուլի կճաշակեք պտուղները»,- ավելացրեց Արմեն Ռուստամյանը եւ հավելեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել