
Ալիևը Հայաստանից պահանջում է Ադրբեջանի հետ համաձայնեցնել Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Հայաստանին՝ Երասխում, ադրբեջանական սահմանի մոտ, մետալուրգիական գործարանի կառուցման համար։ Երեքշաբթի երեկոյան, ելույթ ունենալով Ադրբեջանում սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ գումարված քննարկման ժամանակ, Ալիևը Երևանին կոչ է արել «հրաժարվել վտանգավոր պրակտիկայից»։
«Ադրբեջանի դիրքորոշումը նախկինի պես հիմնված է միջազգային փորձի, միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ Էսպոյի կոնվենցիայի վրա։ Այնտեղ նշվում է, որ երկրների սահմանների մոտ ձեռնարկությունների ստեղծումը, որոնք կարող են համարվել միջսահմանային գետերի աղտոտման և բնապահպանական վտանգի աղբյուր, պարտադիր պետք է համաձայնեցվեն հարևան երկրների հետ, և մենք դա պահանջում ենք Հայաստանից»,- Ալիևին մեջբերել է Ադրբեջանի պետական Azertac գործակալությունը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական ՀԿ-ներն արդեն իսկ գործարանի կառուցման հարցով դիմել են Հայաստանի իշխանություններին։ «Կարծում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չպետք է այստեղ մի կողմում քաշված մնա։ Շատ լավ է, որ մեր քաղաքացիական հասարակությունը ձեռնարկում է այդ քայլը։ Բայց պետք է տեսնել, թե պաշտոնապես, պետական գծով ինչ կազմակերպությունների պետք է դիմել, որպեսզի Հայաստանը հրաժարվի այդ վտանգավոր պրակտիկայից։ Եթե նրանք ցանկանում են ստեղծել ինչ-որ ձեռնարկություն, ապա մենք, իհարկե, չենք կարող դրա հետ ինչ-որ կապ ունենալ, դա իրենց ներքին գործն է։ Բայց եթե այդ ձեռնարկությունը գտնվում է մեր սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա և այնտեղ կօգտագործվեն վտանգավոր նյութեր, որոնք հետո կթափվեն Արաքս և Ողջի գետերը, ապա դա արդեն դառնում է մեր հարցը»,- հավելել է նա։
Ինչպես հայտնի է, Երասխ գյուղի շրջանում, Ադրբեջանի սահմանից ոչ շատ հեռու, կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ «Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան, զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16 500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180 000 տոննա արտադրանք։ Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մետալուրգիական գորածարանը կառուցում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։
Պաշտոնական Երևանը բազմիցս մեղադրել է Բաքվին շինհրապարակի ուղղությամբ կրակ բացելու մեջ, որտեղ հունիսի 14-ին երկու մարդ էր վիրավորվել։ Ինչպես փոխանցել էր ՀՀ ՊՆ-ն, նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։
Մեկնաբանել