
Ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ներկայումս բանակցություններն ընթանում են հաղորդակցությունների բացման ուղղությամբ։
«Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է իրականացվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ <...> Բանակցություններ են ընթանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- հայտարարել է Բայրամովը։
Դեռ հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին բացել երեք հսկիչ-անցագրային կետ, եթե Բաքվում որոշեն համանման գործողությունների գնալ Հայաստանի հետ սահմանին։ «Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմից: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին: Այսինքն` տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և Հայաստանի կողմից, և Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվին նաև մեղադրելով շրջափակման 30-ամյա քաղաքականության շարունակման մեջ։
Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ այն անվանելով «անհիմն»։
Լուսանկարը՝ APA գործակալության
Մեկնաբանել