HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լրագրողների նկատմամբ ԲԴԽ-ի այսօրվա նվաստացուցիչ վերաբերմունքը խիստ դատապարտելի է»․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այն, ինչ այսօր կատարվեց Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք է լրագրողի մասնագիտության նկատմամբ, բացի այն, որ դա ոտնահարում է վարույթի հրապարակայնության սկզբունքը դատարանում։

«Ով ուզում է լինի` ԲԴԽ, թե այլ մարմին կամ պաշտոնյա, իրավունք չունի լրագրողի հետ վարվել կարգազանցի ընկալումով. լրագրողի նկատմամբ վերաբերմունքը պետք է հիմնված լինի լրագրողի օրինավորության, բարեխղճության և ազնվության կանխավարկածի վրա։

Ցանկացած պետական մարմին կամ պաշտոնյա իր պահվածքը լրագրողի համար պետք է դարձնի կանխատեսելի։

Դա է պահանջում լրագրողի հանրային վերահսկողության ու մարդու իրավունքների պաշտպանության հատուկ առաքելությունը, իսկ այդ առաքելությունն ունի կոնկրետ նշանակություն։

Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք է ԲԴԽ-ի կողմից։ Հատուկ այնպես են արել, որ լրագրողների մուտքն արգելելու համար ստեղծեն արհեստական հիմքեր, որ հետո էլ արդարանալու տեղ ունենան այդ հիմքերով։ Դեռ մի հատ էլ հրաժարվում են պատճաբանություն ներկայացնել լրագրողներին, թե ինչու են խոչընդոտում իրենց մասնագիտական աշխատանքը, թույլ չեն տալիս լուսաբանել նախապես հայտարարված հրապարակային նիստը։ Ավելին, լրագրողների արձագանքներից ակնհայտ է, որ նրանք չեն էլ իմացել, որ ԲԴԽ-ն որոշել է փոխել իրենց աշխատանքի պայմանները, սահմանափակել դրանք։

Ի՞նչ է նշանակում դահլիճում տեղ չկա լրագրողների համար։ Սա ի՞նչ անիմաստ պատճառաբանություն է։ Այսպիսի գործելաոճ նման անլուրջ պատճառաբանություններով դատարաններում տարածված էին հատկապես 2012-2016 թթ., երբ լրագրողներին չէին թողնում դատական նիստերի դահլիճ մուտք գործել տեղեր չլինելու հիմքով։ Հավանաբար ԲԴԽ-ն փորձել է վերականգնել այդ արատավոր փորձը՝ համոզված լինելով, որ իր շահերին օգտակարությունն արդարացնում է արատավոր ցանկացած երևույթ։

Լրագրողների նկատմամբ ԲԴԽ-ի այսօրվա նվաստացուցիչ վերաբերմունքը խիստ դատապարտելի էր նաև այն առումով, որ դա օրինակ է դատական համակարգում լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հարցում առհասարակ։ Մինչդեռ լրագրողի նկատմամբ հարգանքի ու անխոչընդոտ աշխատանքի օրինակելի երաշխավորումը պետք է ապահովի հենց ԲԴԽ-ն։

Լրագրողների նկատմամբ այսօրվա բացահայտ անհարգալից վերաբերմունքով ԲԴԽ-ն լրացուցիչ պաշտպանությունից զրկեց նաև այն դատավորներին, ում նկատմամբ իրականացնում էր կարգապահական վարույթներ, և ում վերաբերյալ վարույթները լուսաբանելու էին եկել լրագրողները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ էական կարգապահական խախտման հիմքով այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները:

Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցի պատճառով: Հարությունյանն անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարություններից մեկին և այն անթույլատրելի համարել: Դրանից հետո Արդարադատության նախարարությունը դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել էր ԲԴԽ:

ԲԴԽ որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների: Կարգադրիչները պատճառաբանել են, թե դահլիճում ազատ տեղ չկա ու լրագրողներին ուղղորդել են մի սենյակ, որտեղ դրված է եղել մոնիտոր՝ որոշման եզրափակիչ մասը լսելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter