
SOS Artsakh. ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույց է սկսել դեսպանատների առջև
Հունիսի 27-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմինը Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ, Ռուսաստանի դեսպանատների և Եվրամիության ներկայացուցչության դիմաց 24-ժամյա նստացույց է սկսել` SOS Artsakh խորագրով։
Արցախի շրջափակումը դադարեցնելուն ուղղված գործողությունների պահանջով առավոտյան 8:30-ից ցուցարարները բողոքի ակցիա են իրականացնում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ նպատակը հայ հանրության անհանգստությունը բարձրաձայնելն է: Ցուցարարները սպասում են խոշոր երկրների կտրուկ գործողություններին՝ կանխելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։
«Ռուսաստանի Դաշնությունը պարտավորություններ ունի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, որոնք պիտի կատարի ամբողջապես։ Ռուսաստանի կրավորական կեցվածքը ավելի ամբարտավան է դարձնում Ադրբեջանին, դրա հետևանքով շրջափակման մեջ է ոչ միայն արցախահայությունը, այլև խաղաղապահ զորախումբը, որի ներկայությունը Արցախում կենսական անհրաժեշտություն է, և առաջիկա տարիներին անվտանգության երաշխավորը պետք է շարունակի մնալ Արցախում, որպեսզի խուսափենք ցեղասպանությունից»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու Եվրամիությունը, ըստ պատգամավորի, չպետք է բավարարվեն դիվանագիտական հայտարարություններով, այլ պիտի բանակցային տարբեր հարթակներ տրամադրեն Հայաստանին և Ադրբեջանին։
«Մեր պահանջն է մոռացության չմատնել Արցախի հարցը, արցախահայության այսօրվա վիճակը, քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը շատ ավելի զսպված լինի և կատարի իր պարտավորությունները և բացի Արցախի ճանապարհը»,- ասաց Մանուկյանը։
Նստացույցը կավարտվի վաղը՝ հունիսի 28-ին՝ ժամը 10։00-ին։
Որպես բողոքի ակցիայի ամփոփում՝ վաղը ՀՅԴ-ն հավաք է նախատեսում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Մեկնաբանել