
Հասարակությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սեւանա լճի հարցի քննարկումը
Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին և ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Սամվել Բալասանյանին` չեղյալ համարելու ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սեւանա լճի հարցի քննարկումը: Դիմումում նշված է. «Հունիսի 20-ին ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել Սեւանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարության նախագիծը:
Ակտիվ հասարակությունը` էկոլոգիական հասարակական կազմակերպություններ, Գեղարքունիքի մարզի 20 հասարակական կազմակերպություններ, համայնքների ներկայացուցիչներ, դեմ են Սևանա լճից 320 միլոն խմ ծավալով ջրի բացթողմանը, համարում են, որ դա հիմնավորված չէ և այս կապակցությամբ բողոք նամակներով արդեն իսկ դիմել են ԱԺ: Չնայած դրան` հասարակությանը ԱԺ-ի կողմից մերժվեց մասնակցել հունիսի 20-ին ԱԺ-ում տեղի ունեցող այս հարցի քննարկմանը:
ՀՀ Սահմանադրության, Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ օրենքների խախտմամբ է ընդունվում ներկայացված օրինագիծը, մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի քննարկմանը խոչնդոտվում է: Այս ամենը կասկածի տակ է դնում նախագծի օրինականությունը, այսպիսով՝ Հայաստանում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները և որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքը:
ԱԺ-ին ներկայացնում ենք նաև Սևանա լճի ազդակիր համայնքների անդամների հարյուրավոր ստորագրություններ, որոնք հայտնում են իրենց անհամաձայնությունը վերոնշյալ օրինագծի հետ:
Հաշվի առնելով Սևանա լճի կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային նշանակությունը մեր պետության կայնուն զարգացման գործում`
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
չեղյալ համարել այս հարցի այսօրվա` հունիսի 20-ի քննարկումը և նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերին»:
20.06.2012 թ.
Էկոլոգիական հասարակական դաշինքի նամակը Հովիկ Աբրահամյանին եւ Սամվել Բալասանյանին
ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հավանություն տվեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերին, որով առաջարկվում է 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն մ3:
Համաձայն «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքի Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանված է մինչեւ 170 մլն մ3, իսկ սահմանված քանակից ավելի բացթողումներ կարող են թույլատրվել միայն տնտեսական խիստ անհրաժեշտության և չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում: (Կառավարությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ):
Նշենք, որ համաձայն Հայաստանի հիդրօդերևութաբանության և մոնիտորնգի պետական ծառայության կանխատեսումների 2012 թվականի ամռան ամիսներին ամսական տեղումների քանակը սպասվում է հիմնականում նորմային մոտ, որից կարելի է եզրակացնել, որ հանրապետությունում երաշտային իրավիճակ չի սպասվում, հետևաբար արտակարգ իրավիճակների ռիսկը բացակայում է, իսկ ինչ վերաբերում է տնտեսական խիստ անհրաժեշտությանը, ապա անհիմն են Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորումներն այդ մասին, քանի որ նախ հաշվի չի առնված Արարատյան արտեզյան ավազանից ոռոգման նպատակով օգտագործվող արտեզյան ջրերը և ակնհայտորեն քիչ են ներկայացված գետերից նախատեսվող ջրաքանակները:
Միևնույն ժամանակ Ձեր և ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրությունն ենք հրավիրում ջրակորուստների վրա, որոնք մեր հանրապետությունում 80%-ից ավելի են, որևէ միտում չունեն նվազելու ու, ի դեպ, մտցված են ոռոգման ջրի սակագնի մեջ և փաստորեն գանձվում են ջրօգտագործող գյուղացիներից ու, բնականաբար, չեն առաջացնում շարժառիթ նվազեցնելու այդ կորուստները:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ էկոլոգիական հասարակական դաշինքը գտնում է, որ 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը մինչև 320 մլն մ3 սահմանելը անհիմն է և կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին մերժել վերոնշյալ նախագծերը:
15.06.2012
Մեկնաբանել