
Կառավարությունը խիստ պահանջներ է սահմանելու դատավորների եւ դատախազների բարոյական նկարագրի նկատմամբ
Այսօր կառավարությունը ողջ կազմով Ազգային ժողովում է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը արտահերթ նիստում պատգամավորներին է ներկայացնում նոր ձեւավորված կառավարության հնգամյա ծրագիրը: Վարչապետը համառոտ ներկայացրեց ծրագրի կարեւորագույն դրույթները, ըստ որի` կառավարության ծրագրով հասարակության մեջ ամրապնդելու են պարտադիր զինվորական ծառայության ինստիտուտի նկատմամբ հասարակության հարգանքը, բանակում սոցիալական եւ կրթական պայմանների շարունակական բարելավման միջոցառումներ են անցկացվելու, զորացրվածներն ապահովվելու են աշխատանքով, արտոնյալ պայմաններով ստանալու են բարձրագույն կրթություն:
«Կառավարությունն իրապես խստացնելու է իրավապահ մարմինների ծառայողների կողմից անձի իրավունքների խախտման համար պատասխանատվությանը: Առավել խիստ պահանջներ ենք սահմանվելու դատավորների եւ դատախազների մասնագիտական պատրաստման եւ բարոյական նկարագրի նկատմամբ: Կրճատելու ենք դատարանների կողմից գործերի քննության ժամկետները` խթանելով արտադատական միջոցներով վեճերի լուծման տարբերակները»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավաստիացրեց պատգամավորներին, որ կառավարությունն ապահովելու է նախորդ ծրագրի շարունակականությունը` իրականացնելով ճգնաժամի պատճառով հետաձգված միջոցառումները:
Նշենք, որ այսօրվա նիստին ՀՀԿ-ն ամեն ինչ արել է, որ խմբակցության պատգամավորները ներկայանան նիստին: Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին, իսկ ՀՀԿ-ն ծրագրի անցկացման համար հնարավորինս պետք է ապահովագրի անկանխատեսելի հետեւանքներից:
Վարչապետին հարցեր ուղղելու համար գրանցվել է 20 պատգամավոր:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել