
Ստեփանակերտի խանութներում որոշ ապրանքներ իսպառ բացակայում են
Ստեփանակերտի խանութներում իսպառ բացակայում են ձեթը, շաքարավազը, լվացքի փոշին։
Ստեփանակերտի բնակիչ Տաթևիկ Խաչատրյանն ասում է, որ խանութներում մնացել է միայն տնական ձու, որն ավելի թանկ արժե։
«Տնական ձու կա, սակայն թանկ է, նույն քանակով մեզ թույլ տալ չենք կարող։ Տեղական կարտոֆիլ կա, բայց թանկ է, կիլոգրամը` 600-700 դրամ։ Բանջարեղենն ու միրգը կա'մ չկա, կա'մ շատ դժվար է գտնվում։ Սոխ, օրինակ, չունեմ տանը ու չեմ կարողանում գտնել։ Միս նույնպես չի գտնվում, հատկապես` խոզի։ Այսօր մտածում էի բրինձ սարքել։ Չեմ պատկերացնում՝ ինչպես դա անել միայն ձեթ ու բրնձով, քանի որ գազար ու սոխ չկա տանը։ Գոնե մինչ այդ կար ամեն ապրանքից ինչ-որ չափով, թեկուզ մեծ տեսականի չկար։ Երշիկեղենի մասին խոսք լինել չի կարող, թեկուզ դա էլ առաջին անհրաժեշտության ապրանք չէ»,- ասում է Տաթևիկը։
Թեյն ու սուրճը սպառման եզրին են։ «Խանութում արդեն չկա ձեթ, շաքարավազ, մակարոնեղեն, ոսպ ու հնդկաձավար, գրեթե վերջացել է ծխախոտը։ Նոր ապրանքներ չենք ստացել ու տեղյակ չենք՝ կստանանք, թե չէ»,- ասում է «Պրոդ Մարկետ» խանութի աշխատակիցը։
Ստեփանակերտի դեղատներում դեֆիցիտ են ճնշման դեղերը, շատ քիչ քանակով կանացի միջադիրներ եւ մանկական տակդիրներ կան։
Մեկնաբանել