
Փաշինյան․ «Նոյեմբերի 9-ի առավոտյան եռակողմ հայտարարություն եմ ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ առաջ քաշեց»
Այսօր՝ հունիսի 20-ին, տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը, որին ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ բանակցությունները սկսվել են նոյեմբերի 6-ին։ «Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել՝ պայմանով, որ դրանում չլինեն Շուշին և ՀՀ տարածքով միջանցքին վերաբերող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք Հադրութի շրջանի դիմաց, որը Ադրբեջանը հսկողության տակ էր առել»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հասկանում էր, որ հասել էինք շրջադարձային կետի․ «Եթե կարողանում ենք պահել Շուշին, դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել Շուշին, դա էլ է շրջադարձ»,- նշեց նա։
«Բայց նոյեմբերի 8-ի դրությամբ՝ որքան էլ ինձ ասում էին, թե Շուշիի մի մասը մեր հսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլևս չենք կարող»,- ասում է Փաշինյանը։ Նա պատմեց, որ ԼՂ նախագահը այդ ժամանակ ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին, և կար հավանականություն, որ ադրբեջանցիները Շոշ գյուղի կողմից կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ՝ շարունակելով դեպի Ասկերան և այդտեղից արդեն թիկունքից խփելով պաշտպանական շրջաններին և թիկունքից մտնելով Հաթերք-Սոթք հատված։
Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 8-ին և 9-ին ՌԴ նախագահի հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսային խոսակցություն, իսկ պատերազմի ողջ ընթացքում շուրջ 60 հեռախոսային խոսակցություն։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը չընդունեց Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը, և քննարկումների արդյունքում հասան մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի և ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։
«Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Այսինքն՝ ուշադրությո՛ւն դարձրեք, ոչ թե կեսգիշերին, այլ՝ նոյեմբերի 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել»,- ասաց Փաշինյանը։ Սակայն, ըստ նրա, պարզվել է, որ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում նոր պահանջներ։
Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում, ինչը նշանակում էր, որ առավոտյան Փաշինյանի ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ։
«Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանի նախագահը առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրվի։ Ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց պարզվել է, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ կեսգիշերին մոտ սկսել են լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։
«Ի վերջո, բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն իհարկե ավելի վատն էր, քան առավոտյան ստորագրածս տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև՝
- Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու արդեն 5-րդ փորձն էր. Փաշինյան
- «ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել․ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի»․ Նիկոլ Փաշինյան
- Փաշինյան․ «Ասել էի, որ Շուշին պետք է պահվի, և ստացել էի հավաստիացում, որ կպահվի»
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել