HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը չկայացավ ժամանակացույցի խնդիրների պատճառով․ ԱՄՆ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները հույս ունի որքան հնարավոր է արագ անցկացնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քանի որ հունիսի 12-ին Վաշինգտոնում բանակցությունների փուլը չի կայացել և հետաձգվել է անորոշ ժամկետներով։ Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։ 

«Մենք ակնկալում ենք բանակցությունների հերթական փուլն անցկացնել Վաշինգտոնում, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսություն վարել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է։ Մենք կարծում ենք, որ համաձայնագիրը հասանելի հեռավորության վրա է։ Ցավոք, հանդիպումը չկայացավ մի շարք հարցերի պատճառով, որոնք 100 %-ով կապված են ժամանակացույցի հետ, և մենք ակնկալում ենք այն անցկացնել որքան հնարավոր է արագ»,- ասել է նա։ 

Միլերը չի պատասխանել այն ճշգրտող հարցին, թե արդյոք Վաշինգտոնը ակնկալում է, որ հանդիպումը կկայանա մինչև հունիսի վերջ։ «Ես չեմ նշի ժամանակային միջակայքեր։ Միայն կասեմ, որ մենք սպասում ենք հանդիպումը կրկին անցկացնելու հնարավորությանը»,- նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով՝ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել էր, որ հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:

Դեռ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնորդներն ու Եվրոպական խորհրդի նախագահը հնգակողմ ձևաչափով քննարկել էին Արցախի բնակչության անվտանգության հարցերը։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը լրագրողներին հայտնել էր, որ հուլիսի 21-ին Բրյուսելում կկայանա եռակողմ հանդիպում՝ իր, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter