
ԵՄ-ն շահագրգռված է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Ժոզեպ Բորել
Եվրոպական միությունը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանին և ի տարբերություն աշխարհաքաղաքական մյուս դերակատարների՝ գաղտնի օրակարգ չունի։ Նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախում և Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հանդես է եկել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն շահագրգռված է խաղաղաշինությամբ և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության ձեռքբերմանն աջակցելով։ Ինչպես ասացի, մենք դա անում ենք մարդասիրական օգնության առաքելության, ընթացիկ քննարկումների, պատերազմից լրջորեն տուժած տարածաշրջաններում ականազերծման միջոցով՝ փորձելով նվազեցնել հակամարտության ռիսկը»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ամենը պահանջում է տարածաշրջանում ամենօրյա ներկայություն։
Բորելը նաև նշել է, որ եթե չիրականացվի մարդասիրական օգնության տրամադրում, ականազերծում, անհետ կորածների որոնում և պահվող անձանց ազատ արձակում, ապա իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ։
Խոսելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի մասին՝ եվրոպացի պաշտոնյան նշել է, որ դա Ռուսաստանի դերի էական ասպեկտն է այս հակամարտությունում։ «ՌԴ խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայված են Ղարաբաղում, և դա Ռուսաստանի դերի էական ասպեկտն է այս հակամարտությունում»,- ասել է Բորելը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող պարբերական բախումներին ու ՌԴ-ի կողմից Հայաստանին օգնության չտրամադրմանը՝ Բորելը նշել է, որ ո՛չ Ռուսաստանը, և ո՛չ էլ ՀԱՊԿ-ը, որին անդամակցում է Հայաստանը, ոչ մի օգնություն չտվեցին Հայաստանին։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա իր ազդեցությունն է թողել տարածաշրջանային, համաշխարհային գործընթացների, հատկապես՝ Հարավային Կովկասի վրա։ Այն նաև էական ազդեցություն է թողել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, անցյալ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիայի ժամանակ, ռազմական օգնություն է խնդրել, սակայն ոչ մի օգնություն չի ստացել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ՌԴ-ից»,- հայտարարել է Բորելը։
Պատասխանելով նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցին, եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավարն ասել է, որ այդ առումով և՛ ԵՄ-ի, և՛ միջազգային հանրության կողմից ջանքեր են գործադրվել՝ դիմումներ հղելով Ադրբեջանին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին։ «Կիսում եմ ձեր մտահոգությունները տուժած բնակիչների հետ կապված, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը լուրջ է։ Մենք նախորդ երկու տարիներին նախաձեռնել ենք տարբեր ծրագրեր՝ հումանիտար օգնություն տրամադրելու համար։ Հատկացվել է 17 միլիոն եվրո, որը, իհարկե, ոչ բոլոր խնդիրներն է լուծել»,- նշել է Բորելը։
Մինչդեռ եվրոպացի պաշտոնյան չի արձագանքել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքը բացելու պարտավորության՝ Ադրբեջանի կողմից չիրագործման հարցին։ Փոխարենը կարևորել է երկու երկրների առաջնորդների կողմից Քիշնևում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ընդգծելով, որ դա կարևոր քայլ էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության
Մեկնաբանել