
Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 187 %-ով. վերարտահանումը գերակշռում է
2021-ի նկատմամբ 2022-ին Հայաստանը 187 % արտահանման աճ է ունեցել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նախարարի՝ այս դեպքում մեծ մաս է կազմում վերարտահանումը. «Հայկական ծագման ապրանքների արտահանումը 47 տոկոսային կետով է նպաստել»,- ասաց նա։
2022-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս նախարարը նշեց, որ զբոսաշրջիկների այցելության մեծ աճ ունենք՝ 90.2 %։
«Ուրախալի է այն, որ միայն Ռուսաստանից չէ, այլ երկրներից նույնպես ունենք բավական մեծ աճ:
Ունենք դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև իր ազդեցությունն է ունեցել դրամի արժևորման վրա: Արդյունքում արձանագրել ենք 12,6% տնտեսական աճ, թեև պետական բյուջեն կազմելիս 2022թ. սեպտեմբերին կանխատեսում էինք 11% աճ, իսկ մեր թիրախն էր 2022-ի համար Կառավարության ծրագրին համապատասխան ունենալ 7% տնտեսական աճ:
Արդյունքում անվանական ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես 8,5 տրիլիոն դրամ, 2021-ի փաստացի ցուցանիշից ավել է ավելի քան 1,5 տրիլիոն դրամով»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ՀՆԱ-ի աճին ամենաշատը նպաստել է ծառայությունների ոլորտը, սակայն արդյունաբերության, շինարարության ոլորտում նույնպես աճ է գրանցվել։
Գնաճը սկսել է դանդաղել. նախարար
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ 2022-ին գրանցվել է գնաճի բարձր մակարդակ, թեև տարվա վերջում գնաճը սկսել է դանդաղել։
«Սա տեղի է ունեցել Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության հետևանքով։ Արդեն 2023-ին ունենք գնաճի բավականին դանդաղում, որը նույնիսկ ավելի ցածր է, քան ԿԲ-ի թիրախը։
Գործազրկության մակարդակը նվազել է 2,5 %-ով՝ դառնալով մինչև 13 %։ Ունենք իրական աշխատավարձի աճ, որը 8.6 % գնաճի պայմաններում աճել է 6,3 %-ով։
Ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, որը կազմել է ՀՆԱ-ի 5,1 %-ը»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով ՀՀ պետական պարտքին՝ Վահե Հովհաննիսյանը նշեց՝ այն կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար, դրամով՝ 4 տրիլիոն 186 միլիարդ դրամ, դրամով պարտքը նվազել է, իսկ դոլարովը՝ աճել։
Մեկնաբանել