
ՀՀ տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան
Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Մետալուրգիական գորածարանը կառուցում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։
Ընկերությունը հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել՝ ի պատասխան Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարության, ըստ որի՝ մետաղաձուլարանի կառուցումը/շահագործումը վնաս հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։
«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հայտնել էր, որ իրենք գործելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան։ Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։
Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը»։
Լուսանկարը՝ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության
Մեկնաբանել