
Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
«Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավոր Ժորա Չիչոյանի որոշումը բեկանեց, հիմա Գայանեն փակ ռեժիմի փոխարեն՝ տնային կալանքում է պատիժը շարունակելու, բայց դա էլի հարցի լուծում չէ։ Հասկանում ենք, որ տնային կալանք էլ իրենից շատ սահմանափակումներ է ենթադրում, մեր համար կարևոր է, որ Գայանեն ազատության մեջ լինի ու իր որդու գերեզմանին այցելի»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Մինչդեռ ծնողները նշում էին, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ չի եղել։
Նույն օրը հարուցվել էր քրեական վարույթ, իսկ Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր։
Մայիսի 20-ին դատարանը որոշում էր կայացրել մեկ ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին, որից հետո ծնողները Կառավարության շենքի առջև նստացույց էին սկսել, որը մայիսի 23-ի երեկոյան դադարեցվեց։
Մեկնաբանել