
Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները համապատասխանում են տարածաշրջանի շահերին. Վրաստանի վարչապետ
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին։ Դրանք համապատասխանում են ողջ Հարավային Կովկասի շահերին։ Այդ մասին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի ժամանակ լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ես կարծում եմ, որ Վրաստանը ունեցել և ունենում է չեզոք, անկողմնակալ դեր՝ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Վրաստանը շատ կարևոր միջնորդական դեր է ունեցել 2021 թվականին՝ ղարաբաղյան պատերազմից հետո։ Ըստ էության՝ մենք աջակցում ենք խաղաղության բանակցություններին, որոնք ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, համապատասխանաբար, մենք հավատում ենք, որ դա համապատասխանում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերին»,- ասել է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ Քիշնևի մերձակայքում այսօր մեկնարկել է Եվրոպական քաղաքական II գագաթնաժողովը։ Մոլդովայում հավաքվել են Եվրոպայի 47 երկրների և կառավարությունների առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գագաթնաժողովի ընթացքում հիմնականում կքննարկվեն խաղաղության, անվտանգության և էներգետիկայի վերաբերյալ հարցեր։
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է նաև հնգակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև՝ երկու երկրների միջև հնարավոր խաղաղության պայմանագրի դրույթները։
Լուսանկարը՝ civil.ge-ից
Մեկնաբանել