
Չինաստանի դեսպանը խաբեց հրազդանցիներին
Այսօր Հայաստանում Չինաստանի դեսպանատան առջև կայանալիք ակցիան տեղի չի ունենալու: «Մեկ շաբաթ անընդմեջ պտտվող լուրերն ու հայտարարությունները' կապված ակցիայի հետ, հանգեցրեց համարժեք արձագանքի կառավարության և Չինաստանի դեսպանատան կողմից:
Հրազդանում մարտի 31–ին երկաթահանքի շահագործման դեմ կայացած բողոքի ակցիայից հետո ձևավորված «Նախաձեռնող խումբը», երկխոսության առաջարկ ստանալով Չինաստանի դեսպանի կողմից, այսօր հանդիպեց դեսպանին»,- նշված է նախաձեռնող խմբի մայիսի 25-ին տարածած հայտարարության մեջ:
Չինաստանի դեսպան Թիան Չանգ Չունը ընդունել է Հրազդանի ՀԿ-ների ներկայացուցիչներին, նրանց լսելուց հետո ասել, որ Fortune Oil ընկերությունը ՉԺՀ–ի հետ որևէ առնչություն չունի. այն հոնգկոնգյան ընկերություն է: Նա ասել է, որ ապրիլին նշված ընկերության ներկայացուցիչների Հրազդան կատարած այցի մասին ինքը տեղյակ չի էլ եղել: Իսկ հանդիպման մասնակիցներին խոստացել, որ կգտնի ընկերության կոնտակտները և ՀԿ-ների նամակը կփոխանցի նրանց:
ՀԿ-ների ներկայացուցիչները, հավատալով դեսպանի խոսքերին, նախապես հայտարարված ակցիան չեղյալ են հայատարարել:
Չինական ներդումների մասին արդեն մի քանի ամիս է խոսում են Հայաստանի տարբեր պաշտոնյաներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Fortune Oil ընկերության պատվիրակությանը հանդիպմանը մասնակցում էր նաեւ նույնը ինքը' Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանգ Չունը:
Հիմա ներկայացնենք կառավարության կայքէջում տեղադրված հաղորդագրության մի հատված.
«Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանգ Չունը»:
Եւ Թիան Չանգ Չունը, ընդունելով հրազդանցիներին, խաբել է նրանց: Այս ամիսների ընթացքում դեսպանը երբեւէ չի ասել, որ այդ ընկերությունը չինական չէ եւ Չինաստանի հետ կապ չունի: Ընկերությունն արդեն հայտարարություններ է տարածել եւ աշխատանքի է հրավիրում տարբեր մասնագետների:
Հայտարարությունների ներքեւում նշված է հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն: Եթե դեսպանը չկարողանա գտնել իր հայրենակիցների գրասենյակը, կարող է դիմել «Հետքի» խմբագրություն:
Դեսպանին խորհուրդ ենք տալիս զանգահարել կամ նամակ գրել' հիշեցնելով, որ նրանք «չինական» չեն: Դեսպանը ճիշտ կլինի նաեւ նոտա հղի ՀՀ իշխանություններին եւ զգուշացնի, որ հայ պաշտոնյաները «չշահարկեն» իր երկրի անունը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել