
2023-ի առաջին 4 ամիսներին տեսչական մարմինը վառելիքի լցակայաններում հայտնաբերել է 66 խախտում
Օրեր առաջ «Հետք»-ին նամակ էր գրել ընթերցողներից Վահե Հարությունյանը և խնդրել էր ուսումնասիրել ավտոմոբիլային բենզինի ու գազի ոլորտը։
Ընթերցողի նամակը, առանց խմբագրման, ներկայացնում ենք ստորև․
«Խոսքս վերաբերում է մեթան գազով գազալցակայաններին։ Շատ են խաբում։ Թիվը էկրանին ցույց է տալիս, բայց այդքան չէ։ Օրինակ՝ 320 արժե գազը, լիցքավորում ենք 200 ճնշում, կազմում է 4200 դրամ։ Ասենք՝ արժե 310 դրամ, 200 ճնշման դեպքում կազմում է 3400 դրամ, այնինչ, եթե 310 դրամ է, պետք է կազմեր 4200 դրամից էլ քիչ, եթե հաշվենք տարրական մաթեմատիկայով։
Օրինակ հաշվիչի վրա երևում է՝ գազը լցվելիս ոնց է պտտվում, երբ անջատվում է գազի հոսքը, որ հանգստանա, էդ ժամանակ նորից դանդաղ է պտտվում, էդ կարող է հասնել 20 դրամից մինչև 40 դրամ։
Էդ հանգստի պրոցեսն էնպես են սարքել, որ հանգստի ռեժիմ ընկնի 5-6 անգամ։ Այսինքն 6*40 դրամ, արդեն ստացվում է, որ իրենք մեզ խաբում են մինիմում 250 դրամ, ու դա կարող է հասնել 300-350 դրամի։ Նույնը լցնում եմ բենզին 10 լիտր, բայց 9 լիտր հազիվ եմ ստանում, մի հատ էլ մեթան գազն ու բենզինը ստուգեք»,- գրված էր մեզ ուղարկված նամակում։
«Հետքը» գրավոր հարցում է ուղարկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ պարզելու, թե ե՞րբ է տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել, ի՞նչ խախտումներ է արձանագրել և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ։
Տեսչական մարմնից մեզ պատասխանել են, որ 2023 թվականին, ինչպես նաև նախորդ տարիներին ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) եւ հեղուկացված ածխաջրածնային գազի ոլորտները տեսչական մարմնի համար թիրախավորված ոլորտներ են, որտեղ իրականացվում է ինչպես որակական, այնպես էլ չափագիտական վերահսկողություն:
Տեսչական մարմինը տրամադրել է 2020-ից իր կողմից ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) եւ հեղուկացված ածխաջրածնային գազի ոլորտներում իրականացված ստուգումների և հայտնաբերված խախտումների մասին տվյալները։
Ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի ոլորտում 2020 թվականին իրականացվել է 38 ստուգում, որից 15-ի դեպքում արձանագրվել է չափագիտական, իսկ 26-ի դեպքում՝ տեխնիկական կանոնակարգի խախտում։ 2021 թվականի 82 ստուգումից չափագիտական խախտում է հայտնաբերվել 52-ի, տեխկանոնակարգի խախտում՝ 40-ի դեպքում։ 2022 թվականի 81 ստուգումից 58-ի դեպքում հայտնաբերվել է չափագիտական, իսկ 29-ի դեպքում՝ տեխկանոնակարգի խախտում։ 2023 թվականի առաջին չորս ամիսներին ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի ոլորտում իրականացված 48 ստուգումից 21-ը եղել են չափագիտական բնույթի, իսկ 6-ը՝ տեխկանոնակարգի խախտումներ:
Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) ոլորտում 2020 թվականին իրականացվել է 43 ստուգում, որից 25-ի դեպքում է արձանագրվել չափագիտական, իսկ 23-ի դեպքում՝ տեխկանոնակարգի խախտում։ 2021 թվականի 82 ստուգումից չափագիտական խախտում է արձանագրվել 68-ի, իսկ տեխկանոնակարգի խախտում 66–ի դեպքում 2022 թվականի 48 ստուգումից 34-ը եղել են չափագիտական, իսկ 11-ը՝ տեխկանոնակարգի խախտումներ: 2023 թվականի առաջին չորս ամիսներին ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) ոլորտում իրականացված 29 ստուգումից 6-ը եղել է չափագիտական, 4-ը՝ տեխկանոնակարգի խախտումներ: Հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում 2020 թվականի 32 ստուգումից չափագիտական խախտում է հայտնաբերվել 20-ի դեպքում։ 2021 եւ 2022 թվականների համապատասխանաբար 56 եւ 68 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է չափագիտական բնույթի 44-ական, տեխկանոնակարգի՝ 2 եւ 19 խախտում։ 2023 թվականի առաջին չորս ամիսներին հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում իրականացվել է 33 ստուգում, որից 27-ը եղել են չափագիտական, 2-ը՝ տեխկանոնակարգի խախտումներ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ իրականացվում է նախատեսված տարեկան ծրագրով ՀՀ վարչապետի հանձնարարականների, ինչպես նաեւ քաղաքացիներից ստացվող գրավոր դիմումների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվող գրավոր տեղեկատվության հիման վրա:
Մեկնաբանել