
Նուբարաշենի հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն․ քաղաքապետարանը օդի աղտոտվածության չափիչ սարք ձեռք կբերի
Մայիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռևս չի մարվել։ Երեկ՝ մայիսի 24-ին, քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել էր, որ հրդեհը մարելու համար կպահանջվի ևս մեկ շաբաթ։
Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ Անդրանիկ Գևորգյանը պատմում է, որ աղբավայրի այրման առաջին դեպքը չէ, սակայն առաջին անգամ է, որ կրակն այսքան երկար չի հաջողվում մարել։
«Ծուխն ավելի շատ գնում է դեպի Էրեբունու տարածք, անգամ օդի գույնն է փոխվել։ Նուբարաշենում՝ համենայն դեպս այնտեղ, որտեղ ես եմ ապրում, ծուխը շատ չի հասնում»,- պատմում է Անդրանիկը։
Ըստ նրա՝ հաճախակի ավելի փոքր օջախներով աղբանոցում կրակ է բռնկվում։ Նուբարաշենի պոլիկլինիկայի ընդունարանի աշխատակից Իրինա Ստեփանյանը նշեց, որ վերջին օրերին հրդեհի հետևանքով դիմելիությունը չի աճել, պոլիկլինիկա դիմում են մշտական հիվանդները։
«Ընդհանուր առմամբ տհաճ է, օդը, հոտը, մենք էլ նստած նեղվում ենք, պատուհան բացել չի լինում, ծանր օդ է, բայց էնպես չի, որ դիմելիությւոնը աճել է»,– նշեց պոլիկլինիկայի աշխատակիցը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնեցին, որ խնդիրը դուրս է տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից։ Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնում են, որ կրակի մարման աշխատանքները կարող են տևել 1 շաբաթ։
«Տարիների, տասնամյակների կուտակված աղբ է, քիմիական միացություններ են, որի հանգցնելը ժամանակ է պահանջում»,- նշեց քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։
Խոսելով թունավոր արտանետումների պատճառով օդի աղտոտվածությունից՝ Տարոն Գևորգյանը նշեց, որ օդի աղտոտվածության չափիչներ քաղաքապետարանը չունի, բայց առաջիկայում պատրաստվում են ձեռք բերել։
Հրդեհի պատճառները դեռևս ոչ ոքի հայտնի չեն։ Հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնեցին, որ առաջիկայում նախարարության կայքում կհրապարակվի հրդեհի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին թարմացումներով։
Մեկնաբանել